Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

«Տարածքներ՝ Ադրբեջանի եվրասիականացման դիմաց». թե ինչու է «Լավրովի պլանը» անիրագործելի

«Այսօր, երբ իշխանությունը մեր երկրում լեգիտիմ է, բացառում եմ, որ կկարողանան նման ծրագիր իրականացնել։ Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ այսօր հայ ժողովրդի գլխավոր մարտահրավերը ոչ թե Ղարաբաղն է, Նախիջևանը կամ ցեղասպանության հարցը, այլ Ռուսաստանը, որի երազանքն է Ադրբեջանը բերել դեպի Եվրասիական տնտեսական միություն»։

Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Էլմար Մամեդյարովը չի դադարում խոսել չարչրկված «Լավրովի պլանի» մասին, որն, ըստ մամուլում տարածված, բայց պաշտոնական Մոսկվայի կողմից հերքվող տեղեկությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի Դաշնության առաջարկած նախագիծն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման/հանգուցալուծման վերաբերյալ։

Բրատիսլավայի հանդիպումն ու Լավրովի ակտիվությունը

Արցախի հարցի շուրջ վերջին զարգացումների ընդհանուր համատեքստը հետևյալն է։ Ինչպես գրել ենք մեր նախորդ հոդվածներում՝ հոկտեմբերի 4-ին Բրատիսլավայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որից ժամեր առաջ մամուլում սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, թե պաշտոնական Բաքուն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառության մեջ դրել՝ դրանում ներկայացնելով իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը դա արել էր իր եվրոպական դեսպանություններից մեկի միջոցով։ Այդ փաստաթղթում, ինչպես պարզվեց, շարադրված էին Ադրբեջանի հայտնի նախապայմանները, որոնք Բաքուն հնչեցնում է տարբեր առիթներով։ Դրանք են՝ «հայկական զորքերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղից», «ադրբեջանական բնակչության վերադարձ» և Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակի հստակեցում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, իհարկե, պատասխանեց ադրբեջանական կողմի այս հայտարարությանը՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ ու մասնավորապես ընդգծելով, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքն ու հիմքն է։

Բայց ընդհանուր իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար պետք է նկատի ունենալ ոչ միայն Բրատիսլավայում տեղի ունեցած իրադարձությունները, այլ դրա նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Բաքու, որի կապակցությամբ հրապարակված ուղերձով ՌԴ արտգործնախարարությունը վերահաստատում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարևորությունը՝ որպես Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Բաքվից մոտ մեկ ամիս առաջ Լավրովը պաշտոնական այցով եղել էր նաև Երևանում: Բացի այդ, Բաքվի այցին նախորդած շաբաթներին շատ հետաքրքիր ակտիվություն էին դրսևորում Կրեմլի ոչ-պաշտոնական բարձրախոսները, ռուսական մեդիափորձագիտական դաշտի որոշ շրջանակներ[1]՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակի մասին ու շատ թափանցիկ ձևով ակնարկելով այդ նույն՝ «Լավրովի նախագիծը» հիշեցնող կետերը, օրինակ՝ հայտնի 7 շրջաններից 5 վերադարձ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ և  ԼՂ-ում ռուսական զորքերի տեղակայում։ Թե՛ այս ակնարկները և թե՛ Երևանում նոյեմբերի 11-ին ու Բաքվում դեկտեմբերի 3-ին Լավրովի արած հայտարարությունները տալիս էին բոլոր հիմքերը ենթադրելու, որ Ռուսաստանն ի դեմս Լավրովի կարող է ակտիվացնել ջանքերը՝ հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրն առաջ մղելու նպատակով։ Իսկ մենք հիշեցնենք, որ Երևանում Լավրովն ասել էր, թե Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում, այլև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով։ Իսկ Բաքվում իր ռուսաստանցի գործընկերոջ առաջարկներից ոգևորված Մամեդյարովն ու իր պատվին անվանակոչված ծրագրի գոյությունը հերքող Լավրով հայտարարեցին, թե իրենք ղարաբաղյան հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն են տեսնում:

«Խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»

Եվ հիմա Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, որը դեռ Ապրիլյան քառօրյա պատերազմից ամիսներ առաջ՝ 2015 թ․ դեկտեմբերին, մեծ ոգևորությամբ ու գոհունակությամբ հայտարարում էր, թե Լավրովն «առաջարկներ» է արել հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչը կարող է նպաստել հիմնախնդրի կարգավորմանը, հիմա՝ Բրատիսլավայի հանդիպումից օրեր անց, կրկին խոսում է «Լավրովի պլանի» մասին՝ ասելով, թե այն «մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունք է», որն ամեն դեպքում հիմնված է վրա։

Մամեդյարովի խոսքում ուշադրության արժանի է հատկապես այն, որ նա փորձում է Մադրիդյան սկզբունքներում շարադրված կետերից ադրբեջանական կողմին ձենտու կետերը, ընդ որում՝ խեղաթյուրված ձևով, առաջին պլան մղել ու դրանք հարմարեցնել կարգավորման փուլային տարբերակին և Մինսկի խմբի եռանախագահների այն առաջարկներին, որոնց մասին համանախագահները հիշեցրեցին ս. թ․ մարտի 9-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ին արված հայտարարությունը, որում ներկայացված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է՝ փուլային: Առաջին փուլում՝ զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», –  ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Պաշտոնական Երևանը հերքում է

Լավրովի ենթադրյալ առաջարկների մասին Էլմար Մամեդյարովը խոսել էր նաև այս տարվա ապրիլին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի կազմակերպած հանդիպումից հետո, բայց թե՛ այն ժամանակ և թե՛ այս անգամ պաշտոնական Երևանը՝ ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակի, հերքել է՝ ընդգծելով, որ ներկայումս հակամարտության կարգավորման որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած ասուլիսին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը կրկին ասել է, որ բանակցային սեղանին ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, ու ավելացրել, թե անհասկանալի է՝ ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարը, իմիջիայլոց, Մամեդյարովի ապրիլյան հայտարարությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր՝ ասելով, թե «ես այստեղ հավելելու բան չունեմ»։

«Լավրովյան սցենարը հեռանում է»

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Ինչո՞ւ են Բաքվի և Երևանի մեկնաբանությունները բանակցային գործընթացի վերաբերյալ այսքան հակասական։ Ի վերջո, գոյություն ունի՞ լավրովյան չարչրկված նախագիծը։ Եվ եթե կա՝ արդյո՞ք այն այսօր դրված է բանակցությունների սեղանին որպես աշխատանքային, քննարկվող փաստաթուղթ։

Ռուսաստանցի վերլուծաբանների մի մասը հերքում է դրա գոյությունը, մյուս մասն էլ՝ հաստատում։ Ընդ որում, նրանցից շատերը հիշեցնում են ՌԴ արտգործնախարարի՝ ժամանակին արված այն մեկնաբանությունը, թե «Լավրովի կամ մեկ ուրիշի փաստաթուղթ գոյություն չունի, կան մի շարք փաստաթղթեր, որոնք համանախագահները պատրաստել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների տարբեր փուլերում»:

Օրինակ, Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Լավրովյան սցենար» օրակարգում իսկապես եղել է, բայց ինչպես ցույց տվեց Բրատիսլավայում տեղի ունեցածը՝ այն մոտ է ձախողմանը և աստիճանաբար «հեռանում է»։

Մադրիդյան սկզբունքների վերախմբագրումը

Իսկ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ, ասաց, որ «Լավրովի պլան» իսկապես կա և այն Մադրիդյան սկզբունքների վերախմբագրված տարբերակն է՝ ռուսական շահերի տեսակետից։ Այս ծրագրի առանցքում, ըստ փորձագետի, ընկած է Ռուսաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ռազմավարական առաջնահերթ խնդիրներից մեկը՝ Դաշնության սահմանների շուրջ բուֆերային գոտիներ ստեղծելը, տվյալ դեպքում՝ երկրի հարավային սահմանը բուֆերային գոտիով ամրապնդելը։ Այս տեսանկյունից՝ Ադրբեջանական Հանրապետությանը Մոսկվայի առաջնորդած ինտեգրացիոն կառույցների՝ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ու ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) կազմում ընդգրկելը լիովին համապատասխանում է Ռուսաստանի այդ շահերին։

Ադրբեջանի եվրասիականացման գինը Ղարաբաղն է

Ռուսական կայսերապաշտության տեսանկյունից այս ամենն, իհարկե, շատ գեղեցիկ ու խոստումնալից է հնչում, բայց միայն թե մի «փոքրիկ» խնդիր կա, առանց որի լուծման ո՛չ Ադրբեջանը կհամաձայնի Ռուսաստանի առաջարկին, և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ հանդիսացող Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում կհամաձայնի Ադրբեջանի հետ միասին լինել միևնույն տնտեսական և ռազմաքաղաքական կազմակերպություններում։

Այն, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Մոսկվայի երբեմնի ազդեցության վերականգնմանը ձգտող պուտինյան վարչակարգը վաղուց նպատակ ունի Ադրբեջանին մասնակից դարձնել նշված կառույցներին՝ ակնհայտ է թերևս բոլոր խելամիտ փորձագետներին և ոչ միայն փորձագետներին։ Ռուսաստանի այս ցանկության մասին տարբեր ժամանակներում բաց տեքստով հայտարարել են նաև ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարը՝ 2014 թ․ հունիսին Բաքու կատարած իր այցի ընթացքում։

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը կարծում է, որ ռուսները երազում են այն մասին, որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կազմում։ Առանց Ադրբեջանի, որը կարող է կապող օղակ լինել գնալով ամրապնդվող Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության մեջ, Ռուսատանը չի կարող իրականացնել իր արտաքին քաղաքական ծրագրերը: Իսկ Ադրբեջանը ռուսական այս ձգտումներին մշտապես պատասխանել է ղարաբաղյան խաղաքարտով՝ ասելով, թե «տվե՛ք մեզ Ղարաբաղը, ազատագրե՛ք մեր հողերը և ստացեք այն, ինչ ուզում եք»: Մասնագետի խոսքերով՝ սա է թե՛ հայր և թե՛ որդի Ալիևների բանաձևը։

«Ղարաբաղն է այն գինը, որի դիմաց Ադրբեջանը կգնա եվրասիական կառույցներ», – ասում է Գարիկ Քեռյանը՝ ավելացնելով, որ մյուս կողմից էլ կա Հայաստանի գործոնը, կան Հայաստանի ազգային-պետական շահերը, որոնք Ռուսաստանը չի կարող անտեսել։

«Այսպիսով, ինչպե՞ս լուծել Ադրբեջանին իրենց կողմը քաշելու խնդիրը՝ սա մի գորդյան հանգույց է, որը ռուսները չեն կարողանում լուծել, քանի որ չի հաջողվում գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը», – եզրակացնում է քաղաքագետը։

Ռուս-ադրբեջանական գործարքն անիրագործելի է

Իսկապես Հայաստանը, որքան էլ բարդ տնտեսական ու աշխարհաքաղաքական կացության մեջ է, այնուամենայնիվ, առնվազն երեք տասնամյակ լուրջ գործոն է դարձել տարածաշրջանում, հիմա էլ 1921 թվականը չէ, որպեսզի երրորդ երկրները՝ ինչպես տխրահռչակ Մոսկվայի պայմանագրի պարագայում, Հայաստանի փոխարեն որոշեն հայկական հողերի ճակատագիրը՝ լինի Արցախը, Նախիջևանը, Կարսը կամ մեկ այլ երկրամաս։ Առավել ևս, 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը, ձևավորելով ժողովրդավարական, ժողովրդի լայն աջակցությունը վայելող կառավարություն, բնականաբար, զգալիորեն ամրապնդեց իր ինքնիշխանությունը, ու հիմա երկրի նոր ղեկավարությունը, որն, ի տարբերություն նախորդ վարչակարգի, իր լեգիտիմությունը ստանում է ոչ թե դրսի ուժերից, այլ երկրի ներսից,  իր բոլոր թերություններով հանդերձ՝ փորձում է ավելի ինքնուրույն ու արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարել միջազգային գործընթացներում։

Հետևաբար, իրագործելի՞ է արդյոք Արցախի շուրջ ռուս-ադրբեջանական այս գործարքի կայացումն ու իրականացումը՝ հաշվի առնելով հայկական գործոնը։

«Առաջին լրատվական»-ի այս հարցին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց հետևյալ կերպ․ «Նախկին իշխանությունների ժամանակ շանս կար իրագործել։ Քանի որ նախկին իշխանությունները թույլ էին և ոչ լեգիտիմ, Ռուսաստանը կարող էր ճնշել նրանց ու Քառօրյա պատերազմի պատրվակի տակ իրագործել այդ ծրագրերը։ Բայց նույնիսկ այն ժամանակ չկարողացան դա անել, քանի որ ժողովուրդը ոտքի կանգնեց, հազարավոր կամավորականներ մեկնեցին Արցախ և բանակի հետ միասին կանգնեցրեցին հակառակորդին։ Այսօր, երբ իշխանությունը մեր երկրում լեգիտիմ է, բացառում եմ, որ կկարողանան նման ծրագիր իրականացնել։ Լեգիտիմ իշխանության հետ բացառվում է նմանատիպ սցենարների զարգացում։ ԲԱՅՑ, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ այսօր հայ ժողովրդի գլխավոր խնդիրը ոչ թե Ղարաբաղն է, Նախիջևանը կամ ցեղասպանության հարցը, այլ Ռուսաստանը։ Չեմ ասում՝ թշնամի պետություն է։ Ճիշտ հակառակը․ ռուս ժողովուրդը մեզ համար բարեկամ է, բայց Ռուսաստանի իշխանությունները մեզ համար լուրջ մարտահրավեր են։ Նրանց ուղեղներում միշտ կպտտվեն նմանատիպ ծրագրեր՝ «Լավրովի պլան-2», «Լավրովի պլան-3» … ինչ է, թե Ռուսաստանի երազանքն է Ադրբեջանը բերել դեպի Եվրասիական տնտեսական միություն»։

«Տարածքներ՝ Ադրբեջանի եվրասիականացման դիմաց»

Ինչ վերաբերում է լավրովյան ծրագրի բովանդակությանը, ապա թե՛ Ստեփան Գրիգորյանը և թե՛ Արմեն Հովհաննիսյանը ընդգծում են, որ այս նախագիծը ենթադրում է 5 շրջանների հանձնում ադրբեջանական կողմին առաջին փուլում, իսկ Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ հեռանկարին։ Այս տարբերակը, մեր զրուցակիցների մեկնաբանությամբ, 2011 թ․Կազանյան փաստաթղթի հետ համեմատած, ավելի ձեռնտու է Ադրբեջանում իշխող ալիևյան վարչակարգին թե՛ ժամանակային և թե՛ բովանդակային առումով։

Արմեն Հովհաննիսյանն ասում է, որ ադրբեջանական կողմին 5 շրջանների հանձնում և հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի անվան տակ ամբողջությամբ ռուսական կամ հիմնականում ռուսական զորքերի տեղակայում ենթադրող նախագիծը, որը մեզ համար կնշանակեր Արցախի օկուպացիա, բավական շահավետ տարբերակ է երկրի ներսում լուրջ խնդիրներ ունեցող ալիևյան ռեժիմի համար․ «Իրենք 30 տարի է՝ սուսեր են ճոճում առանց մեծ հաջողության՝ չհաշված Ապրիլյան պատերազմի 800 հեկտար տարածքը։ Եվ այս տարբերակով իրենց ժողովրդին գոնե մի բան կունենան տալու։ Ալիևյան կլանը, որն իսկապես խնդիրներ ունի հանրության հետ, կունենա իր «Ղրիմը»։ Առաջին փուլում վերադարձված տարածքը՝ 5 շրջանը, կլինի իրենց «Ղրիմը», որով իրենք կարող են այլախոհների բերաններ փակել»։

Իսկ Ստեփան Գրիգորյանը, պատասխանելով մեր հարցին՝ եթե Լավրովի առաջարկները ձեռնտու են ադրբեջանական կողմին, ապա այն ժամանակ ինչո՞ւ չստորագրեցին Կազանի փաստաթուղթը, որը նույնպես Ռուսաստանի առաջարկն էր, պատասխանեց․ «Կազանին դեմ էին, քանի որ այնտեղ կար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց։ Կազանին դեմ էին, քանի որ կարգավիճակը ոչ թե 10-րդ փուլում էր ֆիքսվում, այլ, եթե չեմ սխալվում, 2-րդ փուլում։ Դա շատ կարևոր է՝ ե՞րբ է ֆիքսվելու Ղարաբաղի կարգավիճակը։ Հիմա, ինչպես տեսաք, Մամեդյարովը թվարկեց 5-6 քայլ, բայց կարգավիճակի հարց չկա։ Իսկ Կազանում կար։ Վատ, թե լավ, բայց ամեն դեպքում կար։ Ես չեմ ուզում ասել, թե Կազանի տարբերակը մեզ համար շատ լավն էր։ Բայց Կազանի փաստաթղթի հիմքում, այնուամենայնիվ, դրված էին Մադրիդյան սկզբունքները։ Ինչի՞ մասին է խոսքը։ Սկզբունքներ և քայլեր՝ որ նույնիսկ եթե խոսք է գնում տարածքներ հանձնելու մասին, ամեն դեպքում ակնհայտ է, որ երկրորդ քայլը պիտի լիներ Ղարաբաղի անկախության ֆիքսումը։ Դրա համար էլ ադրբեջանցիները մերժեցին այդ տարբերակը։ Կազանը Մադրիդյան պրոցեսի տարբերակներից մեկն էր։ Հիմա ինչ որ առաջարկում են՝ Մադրիդյան սկզբունքների հետ կապ չունի։ Սա «տարածքներ՝ ոչնչի դիմաց» բանաձևն է, քանի որ, իրոք, Ռուսաստանի նախաձեռնությունն է։ Իսկ Ռուսաստանին ընդհանրապես հետաքրքիր չէ՝ ի՞նչ կարգավիճակ կունենա Ղարաբաղը։ Իրեն պետք է, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ»։

Այսպիսով, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն առաջարկում է լավրովյան բանաձևը հետևյալ կերպ վերաձևակերպել՝ «տարածքներ՝ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու դիմաց»։

Պայմանականորեն «Լավրովի պլան» կոչվող այս նախագիծն, ինչպես տեսանք վերևում, պաշտոնապես հաստատված չէ, հետևաբար չենք կարող հստակ ասել, թե ի՞նչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ պաշտոնական Երևանը, այլ խոսքերով՝ վարչապետ Փաշինյանի վարչակազմը։ Թեև, ամեն դեպքում, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը վերջին ճեպազրույցին հստակ հայտարարել է․ «Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առայժմ հստակ դիրքորոշում չի հայտնել  Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ.  ս․ թ․ մարտի 12-ին նա Ստեփանակերտում հայտարարել է, որ այդ փաստաթղթում և Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների նախագահների՝ 2009-2012 թթ․ արված 5 հայտնի հայտարարություններում ամփոփված 3 սկզբունքները և 6 տարրերը լուրջ պարզաբանումների կարիք ունեն: Փոխարենը նա շատ միարժեքորեն է արտահայտվել, այսպես կոչված, «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի վերաբերյալ ընդգծելով, որ այն չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից։ Հետևությունները թողնում ենք ընթերցողին։

[1] Տե՛ս «Ռուսները երազում են, որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կազմում Ադրբեջանի առաջարկած գինը Ղարաբաղն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում