«Ի հայտ եկավ Լավրովի նոր ֆորմուլան՝ «3+2» ձևաչափով, որը բախվեց թե՛ Բաքվի և թե՛ Երևանի դիմադրությանը՝ տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով։ Ու քանի դեռ Մոսկվան շարունակում է իր գաղտնի խաղերը, Բաքուն ու Երևանը օգտվելու են դրանից և մանիպուլյացիայի են ենթարկելու իրեն։ Բայց այդ դեպքում Ռուսաստանի ինչի՞ն է պետք այս ամենը։ Ժամանակը չէ՞, որ Ռուսաստանը հասկացնել տա, որ իրենից բացի՝ կան նաև այլ համանախագահներ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան»։
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցությունների հերթական փուլը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ որոշ հարցերի պատասխաններ տալու փոխարեն, ընդհակառակը, ավելի շատ հարցեր է առաջացրել։
Մնացականյանի և Մամեդյարովի հերթական հանդիպմանը նվիրված մեր նախորդ վերլուծության մեջ նշել էինք, որ այն տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում։ Ընդ որում, Բրատիսլավայի բանակցություններին նախորդել էին բավական ուշագրավ զարգացումներ, որոնց առանցքում Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի Դաշնության հերթական դիվանագիտական ակտիվացումն էր։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ մեկ ամիս առաջ Երևանում հայտարարել էր, թե ռուսական կողմը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում, այլև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով։ Ու հավանաբար հայ հանրության համակրանքը, հայկական կողմի աջակցությունը շահելու նպատակով ընդգծել էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հարցնելու՝ հնարավոր չէ համաձայնության հասնել այս խնդրի լուծման շուրջ։ Այս ընթացքում ռուսաստանցի որոշ ակտիվ գործիչներ ու փորձագետներ տեղեկատվական հող էին նախապատրաստում Ռուսաստանի դիվանագիտական ակտիվության համար՝ խոսելով Կրեմլի գործադրած ջանքերի և հիմնախնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու մասին։
Իսկ անցնող շաբաթվա սկզբին Լավրովը պաշտոնական այցով մեկնեց Բաքու։ Այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ բավական ուշագրավ ուղերձ հասցեագրելով հակամարտության կողմերին առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նպաստելը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Բաքվում ևս պարոն Լավրովն ու իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ նախ, ասելով, թե հնարավոր է՝ Բրատիսլավայի գագաթնաժողովից հետո հնգակողմ (Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների արտգործնախարարների) հայտարարություն լինի ղարաբաղյան հարցի վերաբերյալ։ Երկու նախարարները նաև ասել էին, թե փոխզիջման հասնելու հնարավորություն են տեսնում Ղարաբաղի հարցում։ Այս ամենը տեղիք տվեց ենթադրելու, որ Ռուսաստանը, ի դեմս իր թիվ 1 դիվանագետ Լավրովի, կարող է նոր նախաձեռնությամբ հանդես գալ կամ կրկին բանակցությունների սեղանին դնել ենթադրյալ «ռուսական ծրագիրը», որը հայտնի է «Լավրովի պլան» կամ «Լավրովի նախագիծ» անունով։
Բայց իրադարձությունները Բրատիսլավայում, կարծես, այլ հունով գնացին։ Նախքան Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը առցանց մամուլում սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, որ նախարարական համաժողովին պաշտոնական Բաքուն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառության մեջ դրել, որտեղ շարադրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։ Ծանոթանալով դրա կետերին՝ կարող ենք ասել, որ դա ոչ թե դիվանագիտական ինչ-որ դիրքորոշում էր, այլ հստակ վերջնագիր՝ բաղկացած մի քանի նախապայմաններից։ Ի դեպ, միանգամից ընդգծենք, որ այդ կետերում ոչ մի նորություն չկա։ Դա այն նույն «երգն» է, որը Մամեդյարովն ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները «երգում են» տարիներ շարունակ։
Նշվում է, որ հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակին հակված Ադրբեջանը շարունակում է պնդել, թե
- «Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»:
- Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ, պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը:
- Այս քայլերից հետո միայն Ադրբեջանը պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ադրբեջանական կողմի այս պայմաններին պատասխանել է հաջորդ օրը՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթին ներկայացնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ բաղկացած 7 կետից։
Առաջին կետով ընդգծվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Շատ կարևոր է հատկապես երկրորդ կետը, ըստ որի՝ «Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար գոյութենական ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիայով. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը»։
Հաջորդ կետերով նշվում էր, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման, խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ, ուստի Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի, և այլն։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը՝ այն տևել է մոտ 3,5 ժամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվել են վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը նաև հիշատակել է նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած իր հանդիպումը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։
– Պարոն Տարասով, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ադրբեջանական կողմը կրկին որոշեց խոսել նախապայմանների լեզվով։ Ի՞նչ էր նշանակում շրջանառության մեջ դրված այդ փաստաթուղթը։ Ի՞նչ է տեղի ունեցել Բրատիսլավայում։
– Գիտեք, ինձ էլ է հետաքրքրում, թե ի՞նչ էր դա նշանակում։ Ինչպես գիտեք՝ Բրատիսլավայի նախօրեին Լավրովը Բաքվում էր։ Իսկ ի՞նչ հայտարարություններ է նա այնտեղ արել։ Նա ասել է, որ Բրատիսլավայում նախատեսված հանդիպմանը Մնացականյանն ու Մամեդյարովը պիտի քննարկեն փաստաթուղթ, որը «3+2» ձևաչափով կարող են ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ գումարած համանախագահող երկրների երեք նախարարները։ Նա նաև նշել է, որ հիմնախնդիրը քննարկվում է, և ինքը հույս ունի, որ մոտ ժամանակներու փաստաթուղթը ձևակերպված կլինի։ Այսինքն՝ նա առաջարկեց բանակցությունների նոր՝ ավելի բարձր ձևաչափ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։
Իսկ ի՞նչ տեսանք Բրատիսլավայում․ ոչինչ էլ չտեսանք։ Սա նշանակում է, որ կա՛մ Լավրովն է ստում, կա՛մ էլ Մնացականյանն ու Մամեդյարովն են ստում և խեղաթյուրում ռուսական կողմի դիրքորոշումը։
Մինչ այդ Լավրովը շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ ասելով, որ Ադրբեջանն ըմբռնում է այն նախաձեռնությունները, որոնք երկկողմ ձևաչափով առաջ է մղում Ռուսաստանը՝ վայելելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը։ Իսկ որտե՞ղ է հիմա այդ ըմբռնումը։ Այն չկա։
Երրորդ հանգամանքը․Բրատիսլավայի հանդիպման նախօրեին Ավստրիայում և համատեղության կարգով՝ Սլովենիայում ու Սլովակիայում Ադրբեջանի դեսպանության կայքում հրապարակվեց Ադրբեջանի, այսպես կոչված, սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին։ Այն, ըստ էության, Մադրիդյան սկզբունքների և սեփական հորինվածքի, պատկերացումների համակցությունն էր՝ «զորքերի դուրսբերում», «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում», և այլն։ Եվ սա նրանք ներկայացրեցին իբրև Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Լսեք, Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը պետք է հնչեցնի Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ իր կենտրոնական ապարատի միջոցով։ Ինչո՞ւ նրանք որոշեցին իրենց դիրքորոշումը հայտնել Վիեննայում տեղակայված դեսպանության կայքով։
Չորրորդ հանգամանքը․Փաշինյանը, որը Լավրովի՝ Բաքու կատարած այցի պահին Ստեփանակերտում էր, ասաց, թե «ոչ մի փաստաթուղթ էլ չկա, բանակցություններ չկան որևէ փաստաթղթի շուրջ, և հետո մենք մինչ օրս որևէ պարզաբանում չենք ստացել Մինսկի խմբից Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ»։ Հետո Մնացականյանը հայտարարում է, թե կա փաստաթղթերի փաթեթ՝ բաղկացած կարգավորման ընդհանուր սկզբունքներից։
Այստեղից էլ հաջորդ հարցն է առաջանում՝ այդ դեպքում ինչի՞ մասին են նրանք խոսել խոսել երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում։ Լավրովյան սցենարը հեռանում է, Ադրբեջանը լղոզում է իր դիրքորոշումը, Հայաստանն էլ, ըստ էության, անորոշ է խոսում։ Ի՞նչ է կատարվում։ Իրավիճակն անորոշ է, թեև նախարարները պայմանավորվել են հանդիպել հունվար ամսին։ Հետո հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ նրանք խոսում են ընդհանրական, աբստրակտ ձևակերպումներով։ Նշվում է, թե համանախագահները ողջունում են մարդասիրական գործողությունները, հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը, գերիներին փոխանակելու փորձերը, և այլն։
Այստեղից հետևություն․ կա՛մ կողմերը քննարկում են Լավրովի ծրագիրը «3+2» ձևաչափով, բայց պատրաստ չեն հիմա որոշում ընդունելու, դրա համար քողարկում են իրենց դիրքորոշումները, կա՛մ էլ պարզապես մերժել են Լավրովի նախագիծը։
Ի՞նչ է անելու այս իրավիճակում Մոսկվան։ Մոսկվան հասկանում է, որ վաղուց ժամանակն է վերջ դնել գաղտնի խաղերին։ Մենք հույս ունեինք, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունները, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ավելի անկեղծ ու բաց կլինեն Ղարաբաղի հարցում, մանրամասներ կպատմեն բանակցային գործընթացի մասին։ Դա տեղի չունեցավ։ Միայն վերացական, հակասական հայտարարություններ են հնչում, որոնցից ոչինչ պարզ չէ։ Ադրբեջանը շատ չի խոսում, բայց առաջվա պես հնչեցնում է իր հին դիրքորոշումները։ Հիմա ի հայտ եկավ Լավրովի նոր ֆորմուլան, որը բախվեց թե՛ Բաքվի և թե՛ Երևանի դիմադրությանը՝ տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով։ Ու քանի դեռ Մոսկվան շարունակում է իր գաղտնի խաղերը, Բաքուն ու Երևանը օգտվելու են դրանից և մանիպուլյացիայի են ենթարկելու իրեն։ Բայց այդ դեպքում Ռուսաստանի ինչի՞ն է պետք այս ամենը։ Ժամանակը չէ՞, որ Ռուսաստանը հասկացնել տա, որ իրենից բացի՝ կան նաև այլ համանախագահներ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ Ժամանակը չէ՞, որ նրանք էլ զբաղվեն, առավել ևս որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ավելի շատ հակված են դեպի Արևմուտք։ Հետևաբար, ժամանակն է էստաֆետը հանձնել Փարիզին կամ Վաշինգտոնին։ Չգիտես՝ ինչու հանդիպումները միշտ Լավրովն ու Պուտինն են կազմակերպում։ Ինչո՞ւ դա չեն անում Թրամփը, Մակրոնը, ինչո՞ւ են նրանց նախարարներն ընդհանրապես մոռացել՝ որտեղ է գտնվում Ղարաբաղը։
Հետևաբար, եթե փորձեմ պատասխանել հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ Բրատիսլավայում, ապա կասեմ՝ չգիտեմ, սաբոտաժ տեղի ունեցավ։ Ինչի՞ մասին են նրանք խոսել երեքուկես ժամ։ Պարզ է, որ ո՛չ կոնյակ են խմել, ո՛չ թեյ, ո՛չ էլ նարդի են խաղացել։ Եթե արտգործնախարարները մոտ չորս ժամ զրուցում են՝ նշանակում է, որ նրանք ունեն խոսակցության կոնկրետ թեմա, նյութ։ Ի՞նչ թեմա՝ ոչ ոք չգիտի։