Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր գնահատականի է արժանացրել մրցակցին: Մասնագետը նշել է, որ իր սաները ոգևորված են Գերմանիայի առաջնությունում վաղաժամկետ չեմպիոնություն ձևակերպելու պատճառով և պատրաստ են մրցակցելու մադրիդյան ակումբի հետ:
«Մարդիկ վստահ են, որ եթե թիմը մեկ անգամ հաղթել է, ապա կրկին կհաղթի: Սակայն պետք չէ մոռանալ, որ կան նաև այլ թիմեր, որոնք ունեն լավ ֆուտբոլիստներ, փող և բարձր մակարդակ:
Ես հպարտանում եմ իմ թիմով, քանի որ մենք Գերմանիայի չեմպիոն ենք դարձել մրցաշրջանի ավարտից 7 կամ 8 տուրեր առաջ: Սաներս հսկայական աշխատանք են կատարել: Այժմ մենք պետք է ներդնենք մեր առավելագույն ուժերը` «Ռեալ»-ին հաղթելու համար:
«Արքայական ակումբ»-ը գերազանց խաղ է ցուցադրում: Այն միշտ էլ բարդ մրցակից է եղել: Հուսով եմ, որ Քրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը: Երկրպագուները ցանկանում են տեսնել նրան: Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Առանց նրա «Ռեալ»-ի խաղը փոքր-ինչ կփոփոխվի»,-Reuters-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:







































