Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ծավալուն անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու նշել այն հիմնական խնդիրները, որոնք շատ կարևոր են, բայց նրանց անդրադարձ չի կատարվում։
Ըստ Վահե Գրիգորյանի՝ ժողովրդավարությունը կայունությանը ստորադասելիս Հայաստանը չի կարող ունենալ ո՛չ կայունություն, ո՛չ ժողովրդավարություն։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանով պայմանավորված՝ մեզանում խաթարվո՞ւմ է կայունությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց․ «Սահմանադրական դատարանի՝ էս վիճակով մեզանում ոչ միայն կայունությունն է խաթարվում, այլ շատ ավելին։ Չենք կարող մենք ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, ինչպիսին մենք ունեցել ենք մինչև հեղափոխությունը։
Մի պարզ պատճառով, որովհետև մինչև հեղափոխությունը Սահմանադրական դատարանը բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար էր, բոլորովին այլ նպատակների պետք է ծառայեր։ Հեղափոխությունից հետո այն պետք է ծառայի իր բուն իմաստին՝ Սահմանադրությանը, որը նրանք չեն փորձում անել։ Վերջին այս մեկուկես տարին ցույց է տալիս, որ նրանք գտնվում են հին դաշտում, և բնական է, որ Սահմանադրական դատարանն իր այս տեսքով խաթարելու է շատ բան, այդ թվում նաև այն, ինչ ասում է Վահե Գրիգորյանը։
Ես կարծում եմ, որ այս պայքարում Վահե Գրիգորյանը մնացել է մենակ։ Չգիտեմ, կարող է ես սխալվում եմ, բայց ինձ այդպես է թվում։ Ես նկատի ունեմ, որ նա մենակ է տանում այն բեռը, որը պետք է տաներ քաղաքական իշխանությունը նրա հետ համատեղ։ Ամեն դեպքում պետք է լիներ այդ բեռի բաշխում, որը ես չեմ տեսնում։ Գուցե ինչ-որ գործողություններ կան, ինչ-որ բան կա, չգիտեմ, բայց այն, ինչ որ կա հրապարակում, ինչ որ տեսանելի է ինձ համար, հանրության համար, ես կարող եմ գալ այն եզրակացության, որ Վահե Գրիգորյանը մնացել է միայնակ։
Այն, ինչ արեց Ազգային ժողովը, չծառայեց իր նպատակին։ Ես կասեի՝ նույնիսկ նպատակն էր անհասկանալի։ Բոլորը խոսում էին այն մասին, որ դա սխալ ճանապարհ է, բայց նրանք գնացին այդ սխալ ճանապարհով։ Ըստ էության՝ ավելի խճճեցին ու ավելի բարդացրին իրավիճակը։
Բացարձակապես լեգիտիմություն չունեցող Սահմանադրական դատարանին նրանք իրենց այդ քայլով լեգիտիմության պաշար հաղորդեցին։ Բայց Ազգային ժողովը դեռ անելիք ունի և կարող է ինչ-որ բան դեռ անել, և շատ բան կարող է անել, բայց դրա համար նրանք պետք է լինեն հստակ, կազմակերպված, նրանք պետք է իմանան, թե առաջին հերթին ինչ են ցանկանում ունենալ և այդ ունեցածին համարժեք քայլեր անել»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































