«168 Ժամ» թերթը գրում է. «Ինչո՞ւ ՀՀԿ ԳՄ նիստում չհայտարարվեց նոր վարչապետի անունը, ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը հետաձգեց այդ հարցը ևս երեք օրով՝ վարչապետի նշանակումը թողնելով սահմանադրական ժամկետի վերջին օրվան: Ակնհայտ է, որ վերջին պահին ինչ-որ բան է փոխվել, որը փոխել կամ առնվազն հետաձգել է Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելու որոշումը:
Կարելի է այդ փոփոխությունը բացատրելու բազմաթիվ տարբերակներ քննարկել՝ սկսած ներքին, վերջացրած արտաքին գործոններով պայմանավորված: Այդուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ Հովիկ Աբրահամյանի նշանակման չկայացումը կամ հետաձգումը պայմանավորված է առաջին հերթին ու հիմնավորապես՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու ցանկությամբ, որը, հնարավոր է, ոչ այնքան ցանկություն է, որքան քաղաքական առևտրում սեփական գինը բարձրացնելու մարտավարություն: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին կարող է ձեռնտու լինել ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու պայմանով: Ավելի ուշ մամուլում նաև տեղեկություններ հրապարակվեցին, որ այդ պայմանն առաջադրվել է Հովիկ Աբրահամյանին, ով խոստացել է ապահովել ԲՀԿ-ի մասնակցությունը նոր կառավարությանը:
Ըստ ամենայնի, սկզբում Աբրահամյանին հաջողվել է ԲՀԿ-ից համաձայնություն ստանալ, սակայն հետո ինչ-որ բան փոխվել է: Այսինքն՝ գուցե Աբրահամյանը կարողացել է համոզել Գագիկ Ծառուկյանին, բայց չի կարողացել համոզել Ռոբերտ Քոչարյանին, վերջինս էլ՝ համոզել է Ծառուկյանին, որ պետք չէ մտնել կոալիցիա: Իսկ առանց ԲՀԿ-ի՝ կոալիցիային մաս կազմելու, Սերժ Սարգսյանի մոտիվացվածությունը՝ Հովիկ Աբրահամյանին նշանակել վարչապետի պաշտոնում, գրեթե զրոյանում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում









































