Վրաստանի հարկային բարեփոխումները լավագույն ապացույցն են այն բանի, որ հարկային դրույքաչափերի իջեցումն իրականում կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների կտրուկ աճի։
Այս երկրում ներկայումս գոյություն ունի ընդամենը 5 հարկատեսակ (ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), ակցիզային հարկ, եկամտահարկ, գույքահարկ և շահութահարկ) այն պարագայում, երբ 2003թ. գործում էին 22 հարկատեսակներ։ Եվ եթե 2003թ. բյուջեն կազմում էր մոտ 1 մլրդ լարի (որից 300 մլն-ը՝ դեֆիցիտն էր), 2010թ. բյուջեն կազմել է մոտ 10 մլրդ լարի։
Ինչպե՞ս արվեցին այս բարեփոխումները։ Նախ վերացվեց հարկատեսակների մեծ մասը և թողնվեցին միայն վերը նշված հարկերը։ Սակայն պահպանված հարկերի դրույքաչափերն էլ աստիճանաբար նվազեցվեցին։ Այսպես, ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց Վրաստանի Նոր տնտեսական դպրոցի փոխնախագահ Գիա Ջանդիերին, 2005թ. առաջին կեսին ԱԱՀ-ն 20% էր, երկրորդ կեսին այն դարձվեց 18%։ Բայց առաջին կեսին ԱԱՀ-ից բյուջեի եկամուտները կազմել են 560 մլն լարի, իսկ երկրորդ կեսին՝ մոտ 900 մլն լարի։ Այսինքն՝ հարկային դրույքաչափի 2 տոկոսային կետով իջեցումը հանգեցրեց բյուջեի այդ հարկատեսակից մուտքերի ավելի քան 60% աճի։ Սա, ըստ տնտեսագետի, պայմանավորված էր երկու հանգամանքով։ Առաջին՝ ցածր հարկերը նպաստեցին նրան, որ ստվերային տնտեսությունը դուրս գա ստվերից։ Այսինքն՝ հարկային և մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին, որոնք իսպառ վերացրել էին կոռուպցիան, գումարվեց հարկային բեռի թեթևացումը, ինչն էլ հանգեցրեց ստվերի գրեթե ամբողջությամբ վերացմանը։
Երկրորդ պատճառը դեռևս 20-30 տարի առաջ նկարագրել է ամերիկացի տնտեսագետ Արթուր Լաֆերը։ Այն է՝ որոշակի սահմաններում, երբ հարկային դրույքաչափերը նվազում են, մարդիկ ավելի են մեծացնում գործարար ակտիվությունը, մեծանում է հարկման բազան, և արդյունքում մեծանում են նաև բյուջեի հարկերը։ Այսինքն՝ հարկային դրույքաչափի փոքրացման հետևանքով բյուջեի եկամուտների նվազման ուղղությամբ առաջացած էֆեկտը ամբողջությամբ փոխհատուցվում և լրացվում է հարկման բազայի (գործարարների թվի, նրանց շրջանառության) կտրուկ աճի շնորհիվ։
«Վրաստանի փորձը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հարկերի դրույքաչափերի նվազեցումը պարտադիր չէ, որ հանգեցնի հարկային եկամուտների նվազեցման։ Ընդհակառակը, մեր դեպքում այն էականորեն մեծացրեց հարկային եկամուտները։ Բայց նույնիսկ ես չէի կարծում, թե այդ էֆեկտը այս աստիճան արդյունավետ է լինելու»,- ասում է Գ.Ջանդիերին։
2007-ին կատարվում է ևս մեկ կարևոր քայլ՝ վերացվում է սոցիալական ապահովության վճարը։ «Այսինքն՝ այսօր չկա որևէ առանձին ֆոնդ, որ ֆինանսավորվի որևէ հարկից կամ վճարից։ 2008թ. ընդունվեց մեկ այլ նոր օրենք, ըստ որի եկամտահարկը մինչև 2013թ. պետք է նվազեցվի մինչև 15%, իսկ այն բոլոր հարկերը, որոնք վերաբերում են ֆինանսական համակարգում եկամուտներին, պետք է վերացվեն։ Կարծում եմ, որ սրանք բոլորը ճիշտ քայլեր էին, և հարկային ոլորտում մենք ավելի շատ դրական արդյունքներ ապահովեցինք, քան թե բացասական»,- ասում է Գ.Ջանդիերին՝ հավելելով սակայն, որ որոշ խնդիրներ այս համակարգում դեռ բավականին լուրջ են։ «Քաղաքական այն որոշումը, թե մեզ պետք է հասնել առավելագույն եկամուտների, ճնշում է հարկային ու մաքսային մարմիններին, և նրանք չեն կարողանում կտրվել ուժային մեթոդներից։ Այդ համակարգերում աշխատողները երիտասարդներ են, մտածում են, որ իրենց կարիերան կախված է նրանից, որ կառավարությունը գոհ լինի իրենց աշխատանքից։ Եվ նրանք մտածում են, որ կառավարությունը կարող է գոհ լինել իրենցից, եթե իրենք հնարավորինս շատ հարկեր ապահովեն»,- ասում է տնտեսագետը։
«Առաջին լրատվականի» հետ զրույցում, սակայն, գործարարները չդժգոհեցին հարկային մարմինների աշխատաոճից և մեթոդներից։ Նրանք պնդում էին, որ ուժային մեթոդներ Վրաստանում կիրառվում են միայն այն գործարարների նկատմամբ, որոնք խուսափում են հարկերից և ցանկանում են ստվերում աշխատել։ Օրինակ՝ ԱՄՆ-ից ավտոմեքենաներ ներմուծող Caucasus Auto Import ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Գևորգ Սուրգուլաձեն ասում է, որ իր ընկերության հիմնադրումից (2004թ.) մինչ այժմ հարկային մարմինները որևէ ստուգում չեն իրականացրել իր մոտ։ «Բացարձակապես չկա նման բան, որ ինչ-որ ուժային մեթոդներով, ճնշումներով փորձեն բյուջեն լցնել։ Ուժային մեթոդներ կիրառվում են, բայց միայն այն դեպքերում, երբ օրենքից դուրս է գործարարը փորձում աշխատել։ Բայց հավատացեք, ես ԱՄՆ-ում եմ ապրել, նման դեպքերում այնտեղ շատ ավելի կոշտ մեթոդների են դիմում, քան Վրաստանում են այժմ անում»,- ասաց գործարարը։









































