Ռուսական ընկերության մասնակցությամբ զենքի տենդերը վիժեցնելու ֆոնին Մոսկվան Երևանին ոչ թե բողոքի նոտա կուղարկի, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այլ նամակ՝ խնդրելով պարզել իավիճակը: Այս մասին հոկտեմբերի 24-ին գրում է РБК պարբերականը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին:
Զրուցակիցը հավաստում է, որ փաստաթուղթը պատրաստվել է Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից, արդեն ՌԴ ԱԳՆ է հասել և շուտով կուղարկվի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Ներկա դրությամբ Հայաստանի ՊՆ-ում ռուսական կողմից որևէ նամակ չի ստացվել այս կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ավելին, Երևանում դեռևս պատրաստ չեն գնահատելու իրավիճակը և այս հարցի շուրջ պաշտոնական դիրքորոշում հայտնելու: Նամակ չի ստացել նաև Հայաստանի ԱԳՆ-ը, գրում է «газета.ру» կայքը:
2019թ.-ի օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման տենդերի վիժեցումից հետո Հայաստանում քրեական գործ են հարուցել, ռուսաստանյան ընկերության մասնակցության հայտը մերժվել է «առանց ծանրակշիռ հիմքերի» և ORSIS-ն առանց պատճառի ներառվել է «անբարեխիղճ մատակարարների» ցուցակում։
ORSIS ընկերությունը զբաղվում է հրաձգային զենքի և փամփուշտների, հատուկ օպտիկայի արտադրությամբ:










































