Ղրղըզստանի խորհրդարանը հինգշաբթի վարչապետի պաշտոնում ընտրել է Ջոմարտ Օտորբաևին: Նա դարձել է նոր կոալիցիայի կողմից առաջադրված միակ թեկնածուն: Նոր կոալիցիայի կազմի մեջ են մտնում երեք խմբակցություններ՝ Սոցիալ-դեմոկրատական, «Ատա-Մեկեն» և «Ար-Նամիս» կուսակցություններից: Նախարարների մեծ մասը պահպանել են իրենց պաշտոնները: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Խորհրդարանում քննարկումների առիթ է դարձել միայն առաջին փոխվարչապետի թեկնածությունը: Այդ պաշտոնում առաջադրվել էր Թայիրբեկ Սարպաշևը: Նրա թեկնածության քննարկման ժամանակ հազիվ է հնարավոր եղել խուսափել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների միջև զանգվածային ծեծկռտուքից:
Պատգամավոր Դանիյար Թերբիշալիևը պահանջել է կառավարության կազմից հեռացնել բիզնեսի հետ առնչություն ունեցող նախարարներին և տեղեկացրել գործընկերներին, որ Սարպաշևին պատկանող «Գրադիենտ» ընկերությունը վերջին 3 տարիներին հաղթել է մոտ 100 պետական մրցույթներում:
Տեղացի փորձագետները չեն բացառում, որ խորհրդարանում կադրային հակամարտությունը կարող է դառնալ զանգվածային հուզումների նախագուշակ: Ազգային ընդդիմադիր շարժումն արդեն հայտարարել է, որ ապրիլի 10-ին հանրահավաք կանցկացվի Բիշկեքում և բոլոր շրջկենտրոններում: Ընդդիմության առաջնորդները վստահեցրել են, որ հանրահավաքները կկրեն խաղաղ բնույթ:










































