News Georgia-ի փոխանցմամբ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության շուրջ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը Ժնևում տեղի է ունենալու հուլիսի վերջին։ Այս մասին այսօր ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինիս խոսքերով, Ժնևում ռուս-վրացական բանակցությունների վերջին փուլը կայացել է հուլիսի 8-9-ին. «Ես զերծ կմնամ այդ բանակցությունների մանրամասները հրապարակելուց, սակայն կարող եմ ասել, որ բանակցությունները կայացել են, և նախանշված է դրանց հաջորդ փուլն անցկացնել հուլիսի վերջին»։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը պետք է տեղի ունենար հունիսի 2-ին, սակայն միջնորդ կողմ հանդիսացող Շվեյցարիայի խնդրանքով այն անորոշ ժամկետով հետաձգվել էր։









































