Հուլիսի 5-13-ը Ծաղկաձորում ընթանում է «Բավական տարբեր են թվում» (Looking quite different) երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցնում են Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելառուսից և Հայաստանից 9 հոգանոց թիմեր։ Մասնակցում են 15 խուլ և 15 լսող մարդիկ։
«Կարևորը հաղորդակցումն է։ Ամեն հասարակությունում կան խուլեր, սակայն նրանք հաղորդացկումից դուրս են մնում։ Նրանք ինտեգրված չեն հասարակության մեջ, աշխատանք գտնելու խնդիր ունեն։ Այս ծրագրի նպատակն է ապացուցել, որ լեզուն չպետք է խոչընդոտի շփմանը»,- ասում է ծրագրի հեղինակ Աննա Սարգսյանը։
Հայ և բելառուս մասնակիցների համար սա առաջին նման ֆորմատի փոխանակման ծրագիրն է։
«Այս ծրագիրը շատ թանկ է, և Եվրոպական երկրները ծախսերը անում են Եվրոպայում հաղորդակցություն ստեղծելու, մասնակիցների համար Հայաստանը բացահայտելու, փորձի փոխանակում կատարելու համար»,- ասում է նախագծի իրականացնող կազմակերպություններից մեկի՝ «Peuple et culture»-ի ներկայացուցիչ Նինա Գուիլլերմենը։
Հայաստանից Մարիա Պետրոսյանը պատմում է, որ իր խուլ լինելու պատճառով բազում խնդիրներ է ունեցել Հայաստանում։ Նախ խուլերի համար բարդ է ուսումը շարունակելը. համալսարան ընդունվելու համար համապատասխան գիտելիքի ստուգման համակարգ չկա։ Հաղորդակցությունը համար խոչընդոտ է նաև այն, որ հեռուստատեսությամբ միշտ չէ, որ վազող տող է լինում խուլերի համար։ Մարիան կարծում է, որ խուլերի լեզուն պետականացնելուց հետո ամեն ինչ դեպի լավը կփոխվի։
Տարբերութունը հայ և եվրոպացի խուլերի միջև այն է, որ Եվրոպայում նրանք ստանում են բարձր թոշակ, որը բավարարում է ապրելուն։ Եթե Հայաստանում խուլերը ստանում են 11,000 դրամ թոշակ, իսկ աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ 22,000-25,000, ապա Եվրոպայում խուլերի թոշակի նվազագույն նիշը սկսվում է 800 ԱՄՆ դոլարից։ Բացի այդ, համեմատաբար հեշտ լուծելի է աշխատանք գտնելու խնդիրը։









































