Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Հայաստանի ապագան կախված է սփյուռքահայությանը ներգրավելու ձեր հմտությունից. Ավիգդոր Էսկին

«Հայաստանը մեզ համար պոտենցիալ գործընկեր և բարեկամ է։ Իսրայելի փորձը շատ կարևոր է Հայաստանի համար։ Գուցե այն ավելի ամենակարևորն է, քանի որ Իսրայելն այն երկիրն է, որը կարողացել է աշխարհի հրեական բնակչության կեսից ավելին վերադարձնել հայրենիք։ Մենք չենք ձգտում սփյուռքի պահպանմանը, մենք ուզում ենք, որ բոլորը տեղափոխվեն, և 70 տարվա ընթացքում մենք կարողացել ենք կիսով չափ հասնել մեր նպատակին։ Սա շատ հաջող օրինակ է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը ևս երկարաժամկետ հեռանկարում ձգտում է նույնը անել՝ սփյուռքահայությանը վերադարձնել հայրենիք»։

Իսրայելը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համեմատաբար նոր, բայց հեռանկարային ու կարևոր ուղղություններից մեկն է[1]։ Աշխարհաքաղաքական բարդ վիճակում, մասնակի շրջափակման և հյուսիսային դաշնակցից զգալի կախվածության մեջ գտնվող մեր պետությունը մշտապես իր արտաքին քաղաքականությունը բազմազանեցնելու, հավասարակշռելու և նոր գործընկերներ գտնելու կարիք ունի։ Եվ այս առումով, տարածքով փոքր, բայց տնտեսապես, քաղաքականապես, ռազմականապես մերձավորարևելյան տարածաշրջանում շատ ազդեցիկ և Կովկասում օրեցօր ավելի ակտիվացող իսրայելական պետության հետ հարաբերությունները շատ խոստումնալից են թվում, թեև առայժմ երկու կողմերի գործողություններում որոշ զգուշավորություն և կաշկանդվածություն է նկատվում։ Երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն։ Դրա պատճառները, իհարկե, դժվար չէ կռահել. Հայաստանը բարեկամական սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Իրանի հետ, Իսրայելն էլ սերտ քաղաքական, տնտեսական, ռազմական և էներգետիկ փոխգործակցություն է զարգացնում Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի հետ, մյուս կողմից էլ՝ բավական բարդ հարաբերությունների մեջ է մեր մյուս «ոխերիմ հարևանի»՝ Թուրքիայի հետ։

Բոլոր դեպքերում փորձագետները կարծում են, որ Հայաստանում Իսրայելի նոր արտակարգ և լիազոր դեսպանի նշանակումը կարող է նոր խթան դառնալ Երևանի և Երուսաղեմի դիվանագիտական և այլ բնույթի կապերի աշխուժացման, զարգացման համար։ Նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հայտարարել է, որ ջանք չի խնայելու Իսրայել-Հայաստան փոխգործակցությունը ընդլայնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար։ Նա համոզված է, որ հայ-իսրայելական հարաբերությունները հսկայական ներուժ ունեն, բայց այն առայժմ շատ քիչ է իրացված։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։

– Պարոն Էսկին, Հայաստանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել Էլիավ Բելոցերկովսկին, թեև նա ոչ ռեզիդենտ դեսպան է, այսինքն՝ նրա նստավայրը ոչ թե Երևանում է, այլ Իսրայելում։ Ի՞նչ կարող եք ասել նրա մասին. ինչպիսի՞ գործիչ է Բելոցերկովսկին, կարո՞ղ է արդյոք խթանել երկկողմ հարաբերությունների զարգացումը։

– Սա քայլ առաջ է մեր հարաբերություններում։ Նոր դեսպանը նախկին Խորհրդային միության տարածքում աշխատելու մեծ փորձ ունի և շատ լավ է հասկանում այստեղ տեղի ունեցող զարգացումները։ Ինձ թվում է՝ նրա նշանակումը հաջող ընտրություն է, և ես հաջողություն եմ մաղթում նրան իր բոլոր նախաձեռնություններում։

– Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր զարգացումներ եղե՞լ են երկկողմ հարաբերություններում։

– Տվյալ պահին Հայաստանում բազմաթիվ բարդ գործընթացներ են տեղի ունենում, և դրա պատճառով Հայաստանի միջազգային գործերը հիմա ավելի դանդաղ են առաջ գնում, քան կարող էին սովորական իրավիճակում։ Այս ամռանը մենք ակնկալում էինք Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Իսրայել, բայց առայժմ այն ձգձգվում է։ Մենք նաև ակնկալում ենք պարոն Փաշինյանի այցը Երուսաղեմ։ Բայց քանի որ ներքին խնդիրները Հայաստանում այսօր շատ են, դա որոշ չափով արգելակել է արտաքին քաղաքականությունը։

– Բայց Դուք ընդհանուր առմամբ պատկերացնո՞ւմ եք Փաշինյանի արտաքին քաղաքական մոտեցումները։ Ի՞նչ տարբերություններ կան նախորդների համեմատ։ Օրինակ՝ Փաշինյանն ասում է, թե մենք չենք փորձելու մեկի հետ հարաբերությունները կառուցել մյուսի հաշվին կամ մյուսի դեմ։ Խոսքը, մասնավորապես, եվրոպական ու ռուսական ուղղությունների մասին է։ Ի դեպ, եթե խոսենք Մերձավոր Արևելքի երկրների մասին, ապա Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրում մերձավորարևելյան երկրների հետ հարաբերությունները, լինեն արաբական երկրները, թե այլ պետություններ, գլխավոր առաջնահերթությունների թվում չեն և ստորադասվում են անգամ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններին։

– Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ ելնում է նրանից, ինչ Հայաստանն արդեն ունի։ Հայաստանը բազմամյա հարաբերություններ ունի տարբեր երկրների հետ, և Փաշինյանը փորձում է ամրապնդել այդ կապերը։ Իսկ Իսրայելը նոր ուղղություն է Հայաստանի համար, բայց այս ուղղությունը երկու երկրների համար էլ բավական հեռանկարային է։ Այժմ իսրայելական կողմը մեծ ցանկություն ու պատրաստակամություն ունի ընդառաջ գնալու Հայաստանին։

– Ձեր կարծիքով՝ փոխադարձ ի՞նչ հետաքրքրություններ, շահեր կան Հայաստանի և Իսրայելի միջև։

– Իսրայելը ակտիվ խաղացող չէ ձեր տարածաշրջանում, բայց Հայաստանը մեզ համար պոտենցիալ գործընկեր և բարեկամ է ոչ միայն ընդհանուր պատմական առնչությունների, սենտիմենտների տեսանկյունից, այլև բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների առումով։ Իսրայելի փորձը շատ կարևոր է Հայաստանի համար։ Գուցե այն ավելի ամենակարևորն է մնացած բոլոր երկրների շարքում, քանի որ Իսրայելն այն երկիրն է, որը կարողացել է համախմբել իր սփյուռքը և սփյուռքի բնակչության կեսից ավելին վերադարձնել հայրենիք. աշխարհի հրեաների կեսից ավելին արդեն ապրում է Իսրայելում։ Եվ սա շատ հաջող օրինակ է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը ևս երկարաժամկետ հեռանկարում ձգտում է նույնը անել՝ սփյուռքահայությանը վերադարձնել Հայաստան։ Բացի դրանից՝ երբ խոսում ենք Երևանի հետ հարաբերությունները ամրապնդելու մասին, մենք նկատի ունենք հարաբերությունները ոչ միայն բուն Հայաստանի, այլև շատ ազդեցիկ, ուժեղ, տաղանդավոր և հաջողակ հայկական սփյուռքի հետ։

– Դուք շատ կարևոր հարց շոշափեցիք։ Հիշում եմ՝ երբ մոտ երկու տարի առաջ եկել էիք Հայաստան և հարցազրույց էիք տվել հայկական հեռուստաալիքներից մեկին, ասել էիք, որ եթե ուզում եք լուրջ առաջընթացի հասնել, հզորացնել Հայաստանը՝ պետք է փոխեք ձեր վերաբերմունքը հայկական սփյուռքին։ Բայց ըստ իս՝ սփյուռքի ուղղությամբ իրականացվող քաղաքականության մեջ առայժմ էական փոփոխություններ չկան։ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարեց, թե «մեր նպատակը մեծ հայրենադարձություն կազմակերպելն է»։ Բայց կոնկրետ քաղաքականություն, ծրագիր, կարծես թե, առայժմ չկա, կամ եթե կա՝ դեռևս ակտիվ կիրառության մեջ չի դրվել։

– Եթե հիշում եք՝ ես Երևանում էի երկու տարի առաջ և հենց դրա վրա ուշադրություն հրավիրեցի՝ որ Հայաստանի ապագան կախված է ոչ միայն սփյուռքից ներդրումներ ներգրավելու, այլև սփյուռքի երիտասարդությանը հրապուրելու ձեր հմտությունից, կարողությունից, որպեսզի նրանք տեղափոխվեն, վերաբնակվեն Հայաստանում և այնտեղ կառուցեն իրենց ապագան։ Փաշինյանը նույնպես այս թեզով հանդես եկավ, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարման համակարգի ներսում այսօր մեծ բարդություններ կան. առայժմ լրջորեն դիմադրում են նախկին երկու նախագահները և նրանց հարող ուժերը։ Երկրում ընդհանուր դիմակայությունը դեռևս պահպանվում է, ուստի այն ամենը, ինչ Փաշինյանն ուզում էր անել, այժմ սառեցված վիճակում են։

– Կարծում եք՝ ներքին խնդիրներն այդպես լրջորեն ազդո՞ւմ են արտաքին քաղաքականության վրա։

– Այո, այս պահին Հայաստանը շատ ավելի քիչ ուշադրություն է հատկացնում արտաքին քաղաքականությանը երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, քան կարող էր։ Չկան բավարար ռեսուրսներ և ժամանակ արդյունավետորեն արտաքին հարաբերություններով զբաղվելու համար։

– Սփյուռքի հարցի առնչությամբ երկու կարևոր հանգամանք կա։ Մի կողմից, իհարկե, շատ լավ կլիներ, եթե արտասահմանում ապրող մոտ 10 մլն հայերի գոնե մեծ մասը վերադառնար Հայաստան։ Բայց մյուս կողմից՝ Հայաստանին քաղաքականապես, տնտեսապես և այլ առումներով մեծ օգուտ է տալիս այս կամ այն ազդեցիկ երկրում, օրինակ՝ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում ազդեցիկ հայկական համայնք ունենալը։ Ինչպե՞ս վարվել, ո՞րն է ավելի ճիշտ՝ փորձել պահպանե՞լ համայնքները այս երկրներում, թե՞ աշխատել նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

– Հետազոտությունները ցույց են տալիս, որ հայկական սփյուռքը շատ արագ է ուծացվում, կան երկրորդ, երրորդ սերնդի շատ ներկայացուցիչներ, ովքեր արդեն մոռացել են հայերենը։ Այսինքն՝ երբ խոսում ենք ոչ թե կոնկրետ մարդու, այլ ընդհանուր տենդենցի մասին՝ իրականությունն այնպիսին է, որ սփյուռքը ոչ թե նպաստում է իր հայրենիքի հզորացմանը, այլ սա մի ուժ է, որն աստիճանաբար ձուլվում է, կորցնում է իր ինքնությունը։ Եվ այս իմաստով, անշուշտ, Հայաստանի համար կենսական նշանակություն ունի առաջին հերթին սփյուռքի տաղանդներին ներգրավելը։ Եթե նույնիսկ նրանց գոյությունը նույն Ֆրանսիայում ինչ-որ օգուտ տալիս է, ապա դա շատ փոքր օգուտ է։ Նույն մարդիկ Հայաստանում կարող էին անհամեմատ ավելի մեծ օգուտ տալ։ Եթե Հայաստանը երեք կամ տասը անգամ ուժեղ լիներ, ապա Ֆրանսիայի հետ հարաբերություններն էլ համապատասխանաբար կբարելավվեին Հայաստանի հզորության և բարգավաճման շնորհիվ։

– Այդ դեպքում հրեաները ինչպե՞ս են կարողացել պահպանել իրենց ինքնությունը՝ հարյուրամյակներ շարունակ դուրս գտնվելով իրենց պատմական հայրենիքից։ Հրեաները ասիմիլացման խնդիր չունե՞ն։

– Անշուշտ, մենք նույնպես այդ խնդիրն ունենք և ունեցել ենք, դրա համար էլ հենց դրանից սկսեցի՝ ասելով, որ աշխարհի հրեաների կեսից շատն այժմ արդեն ապրում է Իսրայելում։ Մենք չենք ձգտում սփյուռքի պահպանմանը, մենք ուզում ենք, որ բոլորը տեղափոխվեն, և 70 տարվա ընթացքում մենք կարողացել ենք կիսով չափ հասնել մեր նպատակին։

– Եվ ուշագրավ է, որ մինչև Իսրայելի Պետության հռչակումը՝ 1948 թվականը, ենթամանդատային Պաղեստինի տարածքում ընդամենը 600 հազար հրեա է եղել։

– Այո, այո, միանգամայն ճիշտ եք։ Եվ մենք կարողացանք աշխարհի հրեական բնակչության կեսը վերադարձնել հայրենիք։

– Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տարվա սկզբին The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ ծրագրում է մոտ ապագայում այցելել Իսրայել, բայց այցն առայժմ ձգձգվում է։

– Այո, նա հիմա շատ զբաղված է, և ես նրան հասկանում եմ։

– Իսկ Իրանի հարցի մասին ի՞նչ կասեք. ինչպե՞ս կարելի է փոխգործակցություն զարգացնել Իսրայելի հետ՝ չվնասելով հայ-իրանական հարաբերություններին։

– Իսրայելը երբեք չի պահանջել Հայաստանից ինչ-որ փոփոխություններ անել Իրանի հետ իր հարաբերություններում։ Հայաստանի և Իրանի հարաբերություններում չկա համագործակցության մի ձև, որը կարող էր սպառնալիք լինել Իսրայելի անվտանգության համար։ Հայաստանը կիսաշրջափակման վիճակում է, ուստի իր համար շատ կարևոր են որոշակի առևտրային, տրանսպորտային կապերը Իրանի հետ։ Բայց դա ոչ մի կապ չունի Իրանի և Իսրայելի կոնֆլիկտի հետ։

– Իսկ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում ի՞նչ դինամիկա է նկատվում վերջին շրջանում։

– Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին. Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները նույնպես չեն վերաբերում հայկական շահերին։ Պարզապես Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանից, ինչը շատ կարևոր է Իսրայելի համար։ Այդ հարաբերություններն ավելի շատ Իրանին են վերաբերում և մի շարք այլ գործոնների։ Բայց ամեն դեպքում բոլոր այս հարցերը կքննարկվեն Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների զարգացման պարագայում։ Այս բոլոր թեմաները լինելու են օրակարգում։

– Այնուամենայնիվ, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես նրանց համագործակցությունը ռազմական ոլորտում, ազդում են մեզ վրա, և դա դժվար է հերքել։

– Զենքի շուկան այսօր ազատ շուկա է, և Ադրբեջանը Իսրայելում գնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է համարում։ Հայաստանը ևս ցանկության դեպքում կարող է Իսրայելից գնել բոլոր այն զինատեսակները, որոնք ձեռք է բերում Ադրբեջանը։ Ավելին, Իսրայելը բազմիցս առաջարկել է Հայաստանին նույն զինատեսակները։ Իսրայելը չի վաճառել Ադրբեջանին այնպիսի զենք, որը պատրաստ չէր վաճառել Հայաստանին։

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ «Հայ թեք», հայրենասիրություն, հայրենադարձություն՝ ձեռքբերումներ, որոնցով Իսրայելը կարող է կիսվել Հայաստանի հետ»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում