Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

Հայ-իսրայելական հարաբերությունները որակապես նոր փուլ են մտնում. գործընթացը պետք է սկսել

2018 թ. Հայկական թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ու Իսրայելը երկկողմ հարաբերություններում որակապես նոր փուլ սկսեցին, բայց գործընթացն առայժմ շատ դանդաղ է ընթանում։ Հայ և իսրայելցի վերլուծաբանների կարծիքով՝ հիմնական պատճառներից մեկը Հայաստանի ներքաղաքական զարգացումներն են, ներքին խնդիրները, որոնք թույլ չեն տալիս երկրի կառավարությանը պատշաճ ուշադրություն դարձնել արտաքին քաղաքականության և մասնավորապես իսրայելական ուղղության վրա։ Վերջին շրջանի դրական ազդակներից մեկը հայ-իսրայելական հարաբերություններում Հայաստանում Իսրայելի Պետության նոր արտակարգ և լիազոր դեսպանի նշանակումն է։

Ժամանակն է իրացնել հայ-իսրայելական մեծ ներուժը

Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (Eliav Belotsercovsky, նստավայրը՝ Իսրայել) հուլիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ հաջորդ օրը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին: Ավետյաց երկիրը ներկայացնող նոր դեսպանը փորձառու դիվանագետ է, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում աշխատելու փորձ ունի։ Ընդհանրապես իր ընտանիքը արմատներով կապված է նախկին ԽՍՀՄ-ի հետ. ծնվել է Մոլդովայի նախկին ԽՍՀ-ում, պապը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, հասել է մինչև Բեռլին։ 1973-ին չորսամյա Էլիավի ընտանիքը հայրենադարձվում է Իսրայել։ Այստեղ էլ նա զինվորական ծառայություն է անցնում։ Բարձրագույն կրթությունը ապագա դիվանագետը ստացել է Երուսաղեմում՝ ստանալով բակալավրի աստիճան՝ «Միջազգային հարաբերություններ և Հեռավոր Արևելք» մասնագիտությամբ։ Այնուհետև ավարտել է նաև մագիստրատուրայի ծրագիրը Իսրայելի Բոսթոնյան համալսարանում։ Դիվանագիտական կարիերան սկսել է 1996 թվականին Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունում։ 2014 թ. նշանակվել է Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանը Ուկրաինայում։

Երևանում իր հավատարմագրերը հանձնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ դեսպան Բելոցերկովսկին ասել է, որ իր պաշտոնավարման շրջանում ջանք չի խնայի Իսրայելի և Հայաստանի միջև փոխգործակցությունն ընդլայնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար: Հայաստանի նախագահն էլ իր հերթին ընդգծել է. «Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ: Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»:

Նույն կարծիքին է նաև դեսպան Բելոցերկովսկին։ Իսրայելի դեսպանը ավելի ուշ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայել-Հայաստան հարաբերությունները հսկայական ներուժ ունեն, բայց այն առայժմ շատ քիչ է իրացված։ Նա Հայաստանում իր առաքելությունն է համարում ստեղծել այնպիսի նախադրյալներ, այնպիսի հիմք, որի հիման վրա հետագայում հնարավոր կլինի զարգացնել երկկողմ կապերը և իրացնել այն ներուժը, որ ունենք։

Այցելել է Ծիծեռնակաբերդ

Իր լիազորությունները ստանձնելու առաջին իսկ օրվանից Իսրայելի դեսպան Բելոցերկովսկին շատ ակտիվ է։ ՀՀ նախագահին և ԱԳ նախարարի տեղակալին Երևանում հանդիպելուց հետո հուլիսի 9-ին Իսրայելի դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում երիտթուրքական կառավարության կազմակերպած զանգվածային կոտորածները իսրայելցի դիվանագետը խուսափում է «ցեղասպանություն» որակել, բայց ամեն դեպքում կարծում է, որ «դա սարսափելի ողբերգություն էր, 20-րդ դարի պատմության և մարդկության պատմության մեջ միտումնավոր սպանության ամենամեծ ակտերից մեկը»։ Այս խոսքերը նա ասել է հայ լրագրողների հետ զրույցում հուլիսի 10-ին Երևանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձին։

Դրական ազդակների փոխանակում

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Հայկ Քոչարյանը Իսրայելի դեսպանի նշանակումը համարում է հայ-իսրայելական հարաբերությունների վերջին դրական ազդակներից մեկը: Հայաստանի նախորդ տարվա իշխանափոխությունից հետո երկու կողմերը հարաբերությունների որակապես նոր փուլ սկսելու ազդակներով փոխանակվեցին, ինչը ենթադրում էր, որ հայ-իսրայելական կապերը պետք է ավելի դինամիկ զարգանան, բայց կրկին ակտիվ գործնական քայլեր առայժմ չեն նկատվում: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցերը այս տարվա ընթացքում Իսրայել կարող են լրջորեն խթանել երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բոլոր դեպքերում դոցենտ Հայկ Քոչարյանը դրական է գնահատում Բելոցերկովսկու նշանակումը:

«Նոր դեսպանի նշանակումը, կարծես, փոխում է ընդհանուր օրակարգը, որովհետև նախկին դեսպանները շատ ակտիվ չեն եղել Հայաստանի հետ հարաբերություններում: Իսկ նորանշանակ դեսպանի առաջին քայլերը ցույց են տալիս, որ նպատակ ունի խորացնելու, զարգացնելու հարաբերությունները: Թե դրանք ի՞նչ դինամիկայով կզարգանան՝ ժամանակը ցույց կտա: Երկու կողմերն էլ՝ թե՛ հայկական և թե՛ իսրայելական կողմը, օրակարգում ունեն շատ կնճռոտ հարցեր, որոնք պետք է քննարկեն իրար հետ, և այդ հարցերը միայն բարիդրացիական հարաբերությունների համատեքստում չեն», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայկ Քոչարյանը:

Կնճռոտ հարցեր և բազում հնարավորություններ

Կնճռոտ հարցեր հայ-իսրայելական քննարկումների օրակարգում, իհարկե, կան: Դրանք կապված են ընդհանուր տարածաշրջանի, նաև Հայաստանի անվտանգության ու մասնավորապես արցախյան հիմնախնդրի հետ: Հայտնի է, որ Իսրայելը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական լուրջ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ավելի պարզ ասած՝ զենք է վաճառում ադրբեջանական կողմին, նաև ռազմական խորհրդատվություն է իրականացնում, ինչը Երևանում, բնականաբար, հիացմունք չի առաջացնում:

«Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք պիտի մտնեն հարաբերությունների զարգացման և երկխոսություն սկսելու օրակարգի մեջ և զարգանան այդ տրամաբանության մեջ: Հեռակա երկխոսություն նման հարցերում չի լինում: Այս տեսանկյունից շատ ողջունելի է Իսրայելի նորանշանակ դեսպանի այցը Երևան և այն ուղերձները, որոնք գալիս են Իսրայելից: Իսկ թե ինչպես կզարգանան հարաբերությունները՝ հետագա գործողությունները ցույց կտան: Ամեն դեպքում երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման բազում հնարավորություններ ու շերտեր կան»:

Գիտական հանրությունը ևս անելիք ունի

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ և շահեր Հայաստանի և Իսրայելի միջև, իհարկե, կան: Քաղաքական տեսանկյունից Հայաստանն, օրինակ, կարող է լինել հնարավոր երկխոսության ապահովման հարթակ մեր հարևան երկրների հետ:

Մեծ ներուժ կա հայ-իսրայելական երկկողմ համագործակցությունը զարգացնելու հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների (IT), բարձր տեխնոլոգիաների («հայ թեք»), գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Այս համատեքստում արևելագետ Հայկ Քոչարյանը, որի գլխավորած արաբագիտության ամբիոնում, ի դեպ, արաբերենին զուգահեռ դասավանդում են նաև եբրայերեն, կարևորում է հատկապես կրթության և գիտության ոլորտում երկկողմ կապերի զարգացման անհրաժեշտությունը:

«Գիտական հանրությունը, փորձագետները այս առումով գործ ունեն անելու: Եվ նման ներուժ կա մասնավորապես ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում, որտեղ եբրայերեն է դասավանդվում և ուսումնասիրվում են Իսրայելի հետ կապված խնդիրները», – ավելացրեց մեր զրուցակիցը:

Պրագմատիկ շահեր և հետաքրքրություններ

Ընդհանրապես Հայաստանի և Իսրայելի միջև լուրջ հարաբերություններ ձևավորելու և զարգացնելու հարցը վերջերս է Հայաստանի ներքաղաքական և հանրային դիսկուրսի մաս դարձել: Խոսքը հատկապես վերջին 3-4 տարիների մասին է: Եվ դրա հիմնական պատճառներից մեկը Իսրայելի և Ադրբեջանի խորացող ռազմավարական հարաբերություններն էին, իսրայելական սպառազինության, մասնավորապես՝ նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված զինատեսակների՝ տարատեսակ «դրոնների» կամ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումը Բաքվին: Իսկ այս գործոնը, ինչպես 2016 թ. ապրիլյան պատերազմը ցույց տվեց, լուրջ սպառնալիք է Արցախի ու Հայաստանի անվտանգության վրա և կարող է էապես ազդել հակամարտող կողմերի ռազմական հավասարակշռության վրա: Այս տեսանկյունից, երբ փորձում էինք վերլուծել, հասկանալ հայ-իսրայելական շփումների նկատելի ակտիվացումը վերջին երկու տարիներին, առաջին եզրակացությունն այն էր, որ զուտ պրագմատիկ շահերի կամ «իրական քաղաքականության» դաշտում Իսրայելի հետ դիվանագիտական, քաղաքական կապերը Երևանին պետք են առաջին հերթին ադրբեջանա-իսրայելական ռազմավարական գործընկերության վրա ինչ-որ կերպ ազդելու համար: Երևանի հետ հարաբերություններն էլ, պետք է ենթադրել, Երուսաղեմի իսրայելական կառավարության կողմից դիտարկվում են որպես Իրանի զսպման հնարավոր հավելյալ գործիք:

Գործընթացը պետք է սկսել

Արևելագետ Հայկ Քոչարյանը այս երկու եզրահանգումներին ավելացնում է նաև Իսրայել-Թուրքիա հարաբերությունները հստակեցնելու իսրայելական կողմի հնարավոր մտադրությունը, որովհետև Իսրայելի ու մեր հարևան Թուրքիայի հարաբերություններն էլ, ինչպես հայտնի է, մեղմ ասած՝ հարթ չեն ընթանում վերջին շրջանում:

«Այստեղ շատ շերտեր կան, ու սա մեկ հարցազրույցի նյութ չէ, որ նստենք ու բոլոր հարցերը քննարկենք: Բազմաշերտ խնդիրներ են, տարիներ շարունակ աշխատանք չի տարվել այս ուղղությամբ: Կուտակված հնարավորություններն ու խնդիրները քննարկման կարիք ունեն:

Դրանք, իհարկե, մեկ օրում չեն լուծվելու, բայց գործընթացը պետք է սկսել: Եվ դրա հաջորդ փուլը, իմ կարծիքով, պիտի լինի այն, որ կարողանանք ունենալ ամբողջական դիվանագիտական ներկայացուցչություն երկու երկրներում, որովհետև ոչ ռեզիդենտ դեսպանը միշտ զիջում է ռեզիդենտ դեսպանին: Եթե ուզում ենք, որ հարաբերությունները խորանան, այդ խնդիրը պետք է լուծենք», – ավելացրեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչը:

Դիվանագիտական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել

Երևանում իսրայելական և Թել Ավիվում կամ Երուսաղեմում հայկական դեսպանություն բացելու հարցն, իհարկե, ամենաքննարկվող հարցերից է հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգում, բայց նկատելի առաջընթաց այս հարցում առայժմ, կարծես թե, չկա: Որոշ փորձագետներ կարծում են, որ երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն բացելը ինքնանպատակ չէ. դրա համար անհրաժեշտ է Հայաստանի և Իսրայելի քաղաքական ու հատկապես տնտեսական հարաբերությունների որոշակի մակարդակ, որից առայժմ հեռու ենք:

Նախորդ տարվա նոյեմբերին, երբ Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական տվեց Իսրայելի ամենաազդեցիկ ադրբեջանամետ լոբբիստներից մեկը՝ Ավիգդոր Լիբերմանը, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստի հրաժարականը պատմական պահ է Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան ունենալու համար:

Հայկ Քոչարյանի ստացած ընդհանուր տպավորությամբ՝ Հայաստանի արտգործնախարարությունը քննարկում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները, բայց թե ո՞ր փուլում է այսօր այս գործընթացը՝ դրա մասին հստակ տվյալներ բաց աղբյուրներում առայժմ չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում