Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակարանում իրավապահները հայտնաբերել են 42 կգ ոսկի և գրեթե 5 մլն դոլար: Նախօրեին ուկրաինական ԶԼՄ-ները գրել են, որ խուզարկում են Ստավիցկուն պատկանող 3 բնակարանները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Ուկրաինայի գլխավոր դատախազությունը և ՆԳ նախարարությունը էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պետական ունեցվածքի հափշտակման փաստով հետաքննության շրջանակներում խուզարկություն են անցկացրել մասնավորապես էներգետիկայի նախկին նախարար Ստավիցկու մասնավոր բնակարանում»,-ասել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
Նախարարը հաղորդել է, որ խուզարկության ընթացքում առգրավվել են 4.8 մլն դոլար կանխիկ գումար, ոսկե սալիկներ՝ 42 կգ ընդհանուր քաշով, համաշխարհային հայտնի ապրանքանիշների թանկարժեք ձեռքի ժամացույցներ, թանկարժեք մետաղներից պատրաստված մեծ քանակությամբ ապրանքներ, բազմաթիվ փաստաթղթեր՝ անշարժ գույքի, ընկերություններում բաժնեմասերի, հողակտորների վերաբերյալ, ինչպես նաև արտասահմանյան տարբեր օֆշորային ընկերություններում գրանցման փաստաթղթեր, բանկերի քարտեր:








































