Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր, Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ելույթը ՀՀ պետական մրցանակների հանձնման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր մենք պետական մրցանակներ ենք շնորհում արվեստագետներին և գիտնականներին՝ նրանց ստեղծագործությունների համար: Իհարկե՛, արվեստի գործերի իրական դատավորը ժամանակն է: Դրանք անցնում են ժամանակի քննությունը կամ ուղղակի չեն անցում: Բայց մեր՝ ժամանակակիցներիս պարտքն է ունենալ սեփական դիրքորոշում և վերաբերմունք, տալ մեր գնահատականը:
Այս մրցանակներով մենք ներկայանում ենք որպես հասարակություն և պետություն, որոնք արժևորում են ամենակարևորը, արժևորում են այն, ինչն ունի կամ կարող է ունենալ համազգային նշանակություն:
Ես միշտ համոզված եմ եղել, որ մշակույթն ընդհանրապես և արվեստը՝ հատկապես, ունեն ազգաստեղծ առաքելություն: Այո, առանց Հովհաննես Թումանյանի և Արամ Խաչատրյանի մենք կարող էինք շարունակել մեր պատմական ուղին որպես ժողովուրդ, բայց այդ դեպքում, ես համոզված եմ, մենք կլինեինք մի քիչ այլ ժողովուրդ՝ պակաս հարուստ, պակաս ուժեղ: Պարզ է, որ ամեն օր Մաշտոցներ և Կոմիտասներ չեն կարող ծնվել, բայց յուրաքանչյուր սերնդի պարտքն է հետևողականորեն և նպատակասլաց կերպով շարունակել արվեստի ու գիտության զարգացումը՝ որպես ազգաստեղծ առաքելության իրականացում:
Հայոց պետության և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի՛ մրցանակակիրներ, հենց դրա համար: Դուք մարմնավորում եք շարունակականությունն ու զարգացումը ձե՛ր գործով և ձե՛ր նկարագրով:
Ես խոսում եմ հոգևոր հայրենիք և բարեկեցիկ հայրենիք ձևավորելու մասին: Սրանք ուղղակիորեն փոխկապակցված գործընթացներ են: Մեր պարտքն է ապահովել դրանց անընդհատությունը: Բազմահազարամյա շղթայի այսօրվա օղակները հենց դու՛ք եք, հարգելի՛ մրցանակակիրներ, և մենք հպարտ ենք ձեզնով:
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն և կորով, անձնական հաջողություններ և, որ չափազանց կարևոր է՝ ստեղծագործական նոր թռիչքներ, նոր բարձունքներ: Ձեզանով մենք ավելի հարուստ ենք և ավելի ուժեղ: Շարունակե՛ք հարստացնել և ուժեղացնել մեզ:
Շնորհակալություն:







































