Նյու Յորքի Մանհեթենի շրջանային դատարան հայց է ներկայացվել ընկերության հանդեպ, որը էքսկուրսիաներ է կազմակերպել քաղաքի ամենահայտնի երկնաքերերից մեկում՝ 102 հարկանի Empire State Building-ում: Հայցում նշվում է, որ երկնաքերի անվտանգության աշխատակիցները չորս հոգուց բաղկացած մուսուլման ընտանիքի անդամներին թույլ չեն տվել աղոթել դրա տանիքին և ուժով դուրս են հանել նրանց փողոց՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ըստ հայցի՝ Ֆարադ Թիրմիզին, նրա կինը՝ Ամինան, և երկու երեխաները երեկոյան բարձրացել են երկնաքերի տանիք, որտեղ որոշել են աղոթել, քանի որ «ըստ կրոնի՝ նրանք երեկոյան աղոթք պետք է կատարեն՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում»: Սակայն անվտանգության աշխատակիցները ընդհատել են նրանց աղոթքը և ուժով դուրս են բերել շենքից:
Ընտանիքը պահանջում է նյութական փոխհատուցում, որի չափը չի հստակեցվում:







































