Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը երկրորդ անգամ անընդմեջ Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Այդ մասին է հայտնում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: 27-ամյա հարձակվողը ստացել է տիտղոսը գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակներում կայացած «Բայեր»-ի դեմ խաղից հետո: Պատվավոր մրցանակը հանձնել են խորվաթական խոշորագույն Vecernji list պարբերականի խմբագիրները:
Երկրորդ տեղն, ինչպես և նախորդ տարի, զբաղեցրեց Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Քվեարկությանը մասնակցել են Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստները:
«Ինձ համար մեծ պատիվ է: Հպարտանում եմ այս մրցանակով: Այն վկայում է իմ կատարած աշխատանքի մասին»,- ասել է Մանջուկիչը, ում հեղինակած գոլը 2:1 հաշվով հաղթանակ է պարգևել «Բավարիա»-ին` «Բայեր»-ի դեմ խաղում:







































