Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` «Լեդի Հակոբի» եղբորորդուն՝ Ստեփան Հակոբյանին, ոչ թե պետք է արդարացնեն, այլ ցմահ ազատազրկման դատապարտեն: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վահան Զատիկյանի կինը` Սոխակ Խոցանյանը:
Արձագանքելով Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկված բողոքին, որով պահանջում է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելը, ասաց. «Նրանք մի այնպիսի փաստաբան ունեն, որ ինչ պատվիրում են, գրում և պահանջում է, բայց այդտեղ ոչ մի հիմքեր չկան: Նրա մեղավորությունն ապացուցված է փաստերով, հակառակը լինել չի կարող: Վահան Զատիկյանն այնքան լավություն է արել նրանց ու հիմա այս պատասխանն ենք ստանում: Իրենք համառորեն պնդում են, թե իրենք չեն, բայց դա ասելով չէ, այլ փաստերով է: Իսկ փաստերն ապացուցված են և անհերքելի: Պատիժը դեռ շատ մեղմ է, որովհետև դեպքը այնպիսի վայրում է տեղի ունեցել, որ կարող էր մեկի-երկուսի փոխարեն ավելի շատ զոհ լիներ: Դրա համար մենք ոչ թե 20, այլ ցմահ ազատազրկում ենք պահանջում»:
Ամուսնուն և 2 որդիներին կորցրած Սոխակ Խոցանյանը նաև պատմել է, որ դատական նիստերից մեկում վկաներից մեկը, ում անձի գաղտնիությունը ապահովվել է, պատմել է, որ նրանք «քիլերին» 2 եղբոր սպանությունն են պատվիրել, բայց «քիլերների» խիղճ չի տարել երկուսին էլ սպանել և միայն Սեդրակ Զատիկյանին են սպանել: Անդրանիկն էլ առեղծվածային պայմաններում նախորդ տարվա հունվարին մահացավ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































