Այսօր Արագածոտնի մարզի ինը գյուղերի բնակիչներ հավաքվել էին Օհանավան գյուղում՝ հանդիպելու կառավարության ներկայացուցչին Ապարանի ջրամբարի մոտ հէկի շինարարությանը դեմ լինելու պահանջով:
Երեք ժամ կառավարության ներկայացուցչին սպասելուց հետո Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը զանգարահել է իրեն և փոխանցել, որ նոր փաստեր են առաջ եկել, ու մինչև չճշտի՝ չի կարող հանդիպել այս ինը գյուղերի բնակիչներին, և երկուշաբթի կհանդիպի տարբեր գյուղերի բնակիչների հետ:
Բնակիչների և գյուղապետի միջև վեճ ծագեց, թե ինչու է փոխնախարարը կարծում, որ ինքը ժամանակ չունի, իսկ գյուղացիները ունեն:
Գյուղապետը գոռում էր, թե փոխնախարարի ասածը սուտ չէ:
Գյուղապետից հետաքրքրվեցինք, իսկ արդյոք տեղեկացրե՞լ է, որ նախապես պետք է լինեին հանրային քննարկումներ՝ մինչև շինաշխատանքները սկսելը, նա, պատասխան չունենալով, միայն ասաց՝ շնորհակալություն:
Փոխնախարարի պատասխանն առաջացրեց բնակիչների զայրույթը, և նրանք որոշեցինք գնան Երևան-Ապարան ճանապարհ, քանի որ մտավախություն ունեին, որ երկուշաբթին կդառնա երեքշաբթի ու այդպես շարունակ: «Ոչ մեկը էսօր ժողովրդի համար չի ցավում, ոչ խորհրդարանը, ոչ կառավարությունը»,- ասաց բնակիչներից մեկը:
Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանը անձամբ էր վերահսկում իրավիճակը: Բողոքի ցույց անող մասնակիցներին էլ նա անձամբ ուղեկցեց գլխավոր մայրուղի, բայց ճանապարհն այդպես էլ չփակվեց: Ճանապարհին քաշքուկ, հրմշտոց եղավ գյուղի համայնքի ղեկավարներից Վլադի և գյուղացիների միջև: Նրանք հետ դարձան Օհանավան՝ պնդելով, որ ում հետ էլ հանդիպեն, չկա փոխզիջում, հէկը չի կառուցվելու և վերջ:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ հէկի շինարարությունը նախաձեռնել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը:
Բնակիչների հետ հանդիպմանը ոստիկանապետի հետ հանդիպած գյուղացիները նշեցին, որ վերջինս հանդիպել է իրենց, ապա 25 րոպեով առանձնացել և խնդրի մասին զեկուցել Սերժ Սարգսյանին, ապա վերադարձել է և ասել՝ հէկը չի կառուցվելու, եթե բնակիչները դեմ են:







































