Մասնագետները, ովքեր վարում են Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 օդանավի անհետացման հետաքննությունը, չեն բացառում օդանավի առևանգման վարկածը: Այս մասին Կուալա-Լամպուրում հայտարարել է քննչական խմբի ղեկավարը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Մալայզիայի իշխանությունները հստակեցրել են, որ բեկորները, որոնք ավելի վաղ հայտնաբերվել էին Հարավ-չինական ծովում, չեն պատկանում անհետացած օդանավին: Որոնողափրկարարական օպերացիան շարունակվում է 8 երկրների օդային և ծովային ուժերի մասնակցությամբ:
«Չնայած արդյունքների բացակայությանը՝ մենք շարունակում ենք որոնումները: Փրկարարների ջանքերը համակարգում է Մալայզիայի քաղավիացիայի դեպարտամենտը»,- ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում:
Հայտնաբերված բեկորների իսկությունը հերքել են նաև ամերիկյան ծառայությունները, որոնք ներգրավված են որոնողական օպերացիայում: Այս մասին հայտնում է վիետնամական Tuoi Tre կայքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիետնամի փրկարարական ծառայության աշխատակիցները հայտարարել են Boeing 777-200-ի բեկորների հայտնաբերման մասին:








































