«Ես կարծում եմ, որ մեր երկրի քաղաքական ղեկավարությունը գիտի՝ երբ է պահը և ինչպիսի վերաբերմունք պետք է հայտնի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- այսօր ՊՆ-ում անցկացվող միջոցառումից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչ օրս Հայաստանը իր պաշտոնական դիրքորոշումը չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Ուկրաինայում իշխանափոխություն եղավ։ Արդյոք դեռ դեռ պահը չի՞ հասունացել, էլ ինչի՞ են սպասում Հայաստանի իշխանությունները արձագանքելու համար կատարվածին՝ հարցրինք: «Մենք նախկին խորհրդային պետության մեջ եղբայր, բարեկամ ժողովուրդներ ենք, տարիներ շարունակ ապրել, կենսագործել ենք իրար հետ և այսօր էլ բարեկամություն ունենք: Իսկապես, մենք շահագրգիռ ենք, որ օր առաջ խաղաղվի այս երկիր նաև այն պատճառով, որ մեծ հայ համայնք ունենք:
Ամեն ժողովուրդ ինքն է ընտրում իր ճանապարհը, և մեզ համար ընդունելի է ուկրաինական ժողովրդի ցանկացած որոշում, միայն թե դրանք լինեն իրենց որոշումները: Ինչ վերաբերում է բարեկամ երկրների արձագանքին, ապա կարծում եմ՝ ճիշտ կլինի չմիջամտել այդ պետության ներքին գործերին և թողնել, որ իրադարձությունները բնականոն հունով ընթանան»:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում ՀՀ իշխանությունները ունեն պլանավորած քայլեր: «Մենք և՛ անվտանգության խորհուրդ ունենք, և՛ պատկան մարմիններ, քաղաքական ղեկավարություն: Յուրաքանչյուրը իրենց պոստում են և իրենց խնդիրներին ականջալուր: Բնականաբար, անհրաժեշտ պահին, երբ զգան, որ պահը հասունացել է , հանդես կգան արձագանքով»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով. «Ուկրաինայում կա լեգիտիմ իշխանություն, որը ընտրված է ժողովրդի կողմից: Մենք կողմնակից ենք նրան, որ լեգիտիմ իշխանությունները կարողանան երկրի օրենքներին համահունչ իրենց գործողությունները իրականացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































