Մինչ Սպիտակի քաղաքապետը հստակ դիրքորոշում է հայտնում Ուկրաինայի նախկին նախագահի շուրջ ծավալվող իրադարձությունների և Սպիտակում Յանուկովիչի անվան հրապարակը վերանվանելու մասին, հասարակ քաղաքացիները միանգամայն անտարբեր են այդ ամենի նկատմամբ: «Անունը որ դրեցին` մեզ հարցրի՞ն, հիմի խի՞ են հարցնում, ինչ ուզում ա դնեն», «Իրա անունով ա, իրա անունով էլ թող մնա, մեզ ինչ ա խանգարում. բա Գալուստ Սահակյանի անունը դնե՞ն»,- ասում են սպիտակցիները:
Բայց փոխարենը՝ սոցիալական ծանր պայմաններում գոյատևող բնակիչները ներկայացնում են իրենց ծայրահեղ վիճակն ու ողջունում ուկրաինական ժողովրդի պայքարը. «Հնար չկա էս ժողովրդին, մինչև էս կառավարությունը չփոխվի, էս վիճակը չի բարելավվի: Ուկրաինայից բեթար ա պետք ըստեղ, մի հատ Ուկրաինայի պես էլ ըստեղ ըլնի, որ նոր իմանան»: Աղքատ, անաշխատանք, հուսահատ ժողովուրդը սպասում է «էդ բարի օրվան»:










































