Պեկինի պարաօլիմպիական խաղերի փոխչեմպիոն Մաքսիմ Նառոժնին երկուշաբթի օրը ցած է ընկել Վորոնեժի իր բնակարանի պատշգամբից: Ընկնելով 4-րդ հարկից` 35-ամյա մարզիկը բազում մարմնական վնասվածքներ է ստացել ու տեղում մահացել: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` քննչական խումբն ուսումնասիրում է գործի մանրամասները և որպես ամենահավանական տարբերակ նշում ինքնասպանությունը:
Մի քանի օր առաջ Նառոժնին Վորոնեժի թիմի հետ վերադարձել էր ատլետիկայի Ռուսաստանի բաց առաջնությունից, որտեղ նվաճել էր ոսկե մեդալը:
«Մաքսիմի մահվան լուրը բոլորիս ցնցեց: Դա պարզապես ահավոր է: Կատարվածի համար ոչ մի նախապայման չկար: Մաքսիմը տարեսկզբին նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ բոլորովին վերջերս հաղթող ճանաչվեց Ռուսաստանի առաջնությունում: Դա պարզապես վատթարագույն լուրն էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճանաչում էին Մաքսիմին»,- Ռուսաստանի պարաօլիմպիական կոմիտեի փոխնախագահ Լև Սելեզնյովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
Մաքսիմ Նառոժնին վեց տարի զբաղվել է գնդի հրմամբ: Նա 2008 թ. Պեկինի պարաօլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալը, 2011 թ. աշխարհի չեմպիոնն է, մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և գրեթե միշտ մրցանակային տեղեր զբաղեցրել: Մաքսիմը մանկուց զբաղվել է վազքով, սակայն 16 տարեկանում ավտովթարի արդյունքում կորցրել է ոտքը և վերականգնվելուց հետո զբաղվել գնդի հրմամբ:







































