Արևմտյան ընկերությունները, այդ թվում՝ ցանցային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար Cisco Systems ընկերությունը, կմասնակցեն զանգվածային հսկիչ նախագծին, որ նախատեսել են Պեկինի իշխանությունները: Ինչպես գրում է The Wall Street Journal թերթը, նոր պետական ծրագրի նպատակը մայրաքաղաքում 500 հազարից ավելի նոր տեսախցիկների տեղադրումն է, որպեսզի նվազեցվի հանցագործությունների թիվը:
Թերթի տվյալներով՝ դիտարկման համակարգը, որը ստեղծվում է չինացիների և արևմտյան մասնագետների կողմից, «աշխարհի ամենաժամանակակից և զանգվածային տեսահսկիչ համակարգերից մեկն է»: Պեկինի նախագծի համաձայն, ավելի քան կես միլիոն տեսախցիկ է տեղադրվելու խաչմերուկներում, բնակելի թաղամասերում, այգիներում և քաղաքի այլ հասարակական վայրերում: Թերթի աղբյուրները գիտեն, որ Cisco-ն Չինաստանին կմատակարարի ցանցային սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են տվյալների մշակման համար, որը փոխանցելու է հսկիչ համակարգը:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի իշխանությունները 1989 թվից արգելել են Չինաստան արտահանել ցանկացած սարք, որը նախատեսված է հանցագործության դեմ պայքարի համար (օրինակ՝ մատնահետքեր վերցնելու համար նախատեսված սարքավորումները): Տեսախցիկների քանակը, որոնք տեղադրվելու են Պեկինում, աննախադեպ է,- հայտնում է թերթը: Պաշտոնական տվյալներով՝ ներկա պահին Նյու-Յորքում տեղադրված է 8 հազար դիտարկման տեսախցիկ, իսկ Չիկագոյում` 10 հազար:









































