Ռոբերտ Քոչարյանը ո՛չ խիղճ ունի, ո՛չ սիրտ, բայց հնարավոր է՝ մի օր որոշի Հայաստանի թագավոր դառնալ. համը բերանն է մնացել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ կասկած հայտնելով որ ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետևում Քոչարյանի ականջներն են երևում:
Անդրադառնալով ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին՝ նա նշեց, որ քաղաքական այդ ուժի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը բազմաթիվ հարցեր է ծնել: «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն իր մեջ իրարամերժ հասկացություններ էր պարունակում: Եթե մինչև հանրահավաքը շվարած վիճակում էի, ապա հանրահավաքից հետո ավելի շվարեցի ու մոլորվեցի»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ ՀԱԿ առաջնորդի ելույթի ոչ մի դրույթն իրեն չեն համոզել:
Ժառանագական գործիչը տարակուսանք հայտնեց, որ իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյնաը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատեց Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: «Ինձ համար անհասկանալի է, երբ Գագիկ Ծառուկյանին համեմատում են Իվանիշվիլիի հետ: Չգիտեմ՝ ինչպես է դա հնարավոր. գուցե ֆինանսական գործո՞նն է այստեղ ազդեցություն ունեցել: Այլապես չգիտեմ՝ ինչպես է ԲՀԿ-ն ընդդիմության դիրքերից խոսում, ինչպես ԲՀԿ-ական որոշ անդամներ քարը քարին չեն թողնում:
«ԲՀԿ»-ն լրիվ այլ տեսակ է հանդես գալիս, Հռոմի պապից ավելի կաթոլիկ»,- նշեց Անահիտ Բաշխյանը:
Ամփոփելով՝ «Ժառանգություն» կուսակցության անդամը տեղեկացրեց, որ իրենց քաղաքական ուժը այս պահին գործողությունների ճանապարհային քարտեզ չունի:
Լուսանկարը՝ Photolure-ի









































