ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը ամբողջապես հիմնավորված է ցուցմունքներով և առերեսումներով: Վանեցյանը նաև խնդիր չի տեսնում գործը ՀՔԾ փոխանցելու հարցում, որի առնչությամբ դատախազությանն են դիմել Դավիթ Սանասարյանի փաստաբանները: ԱԱԾ պետը հայտարարել է, որ քննության ավարտից հետո դատարանում հանրությունը կծանոթանա գործին և ապացուցողական ամբողջ բազային: Կփոխանցի՞ դատախազությունը գործը ՀՔԾ-ին:
Բանն այն է, որ հանրության մեջ տարածվել է կարծիք, որ այստեղ խնդիրը հենց ԱԱԾ և «սորոսական» թևի միջև բախումն է, որի ներկայացուցիչ է դիտվում Դավիթ Սանասարյանը՝ որպես նախկին քաղակտիվիստ: Ըստ այդմ՝ մարտավարական տեսանկյունից հասկանալի է դառնում դասավորությունը, երբ դրվում է գործը ՀՔԾ փոխանցելու պահանջ՝ համարելով, որ ՀՔԾ պետը իրականում «սորոսական» տիրույթից է, այլ կերպ ասած՝ «յուրային», ըստ այդմ՝ չի կարող «շինծու» գործը շարունակել:
Խոշոր հաշվով, ինչպիսին է քրեական գործի բովանդակությունը, ու ինչ ապացույցներ է տեսնելու հանրությունը դատարանում՝ պետք է համբերել և սպասել ավելի ճշգրիտ գնահատելու և եզրակացություն անելու համար: Այստեղ թերևս ինքնին հետաքրքիր է իշխանությունը «սորոսական» և «ոչ սորոսական» թևերի բաժանման ակնառու տեղեկատվաքարոզչական քաղաքականությունը, որը ներառում է ընդհուպ արտաքին քաղաքական տիրույթներ: Այդ բաժանման տեղեկատվաքարոզչական քաղաքականությունը տեղ ունի գործնականում թավշյա հեղափոխության հենց սկզբից՝ նոր իշխանության ձևավորումից սկսած: Ընդ որում, դատելով փորձագիտական տարբեր տիրույթներում ընկալումից և խնդրի «վերագնահատումից»՝ տեղեկատվաքարոզչական թիրախավորումն աշխատել է և հասել հանրության որոշակի շրջանակների «գիտակցության»: Իսկ կա՞ իրականում այդօրինակ բաժանում, թե՞ այդ բաժանման տպավորություն ստեղծելու քաղաքականությունն է բերել հաջողության, որի տիրույթում ինչ-ինչ շահեր փորձում է սպասարկել նախկին իշխող համակարգը:
Հատկանշական է, որ այդ համակարգի տարբեր խմբեր անմիջապես փորձեցին ԱԱԾ-ՊՎԾ գործը վերցնել «սեփական հսկողության» տակ և օգտագործել առիթը «սորոսական»-«ոչ սորոսական» բաժանումը խորացնելու համար: Այն, որ ցանկացած իշխանություն ենթադրում է թևերի, գերատեսչական, խմբային շահերի բաժանում, անկասկած է: Սակայն տվյալ դեպքում խոսքը հենց «ոչ ստանդարտ» բաժանման մասին է, որի գլխավոր հասցեատերը, այդուհանդերձ, թերևս Հայաստանից դուրս է՝ Ռուսաստանում:
Այստեղ հատկանշական էր իր վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանի անդրադարձը հայ-ռուսական հարաբերությանը և դրանում միտքն այն մասին, որ իր հանդեպ կասկածներ չկան և չեն կարող լինել, սակայն ռուսական էլիտան, ինստիտուտները որոշակի կասկածներ ունեն Հայաստանում նոր իշխանության նկատմամբ, և դրանք հասկանալի կասկածներ են, որոնք ժամանակի ընթացքում կհաղթահարվեն:
Ակնհայտ է, որ «սորոսական»-«ոչ սորոսական» բաժանման առաջին իսկ օրից ընթացող տեղեկատվաքարոզչական գործընթացը ունի այդ կասկածները խորացնելու, գեներացնելու, առնվազն անընդհատ թարմ պահելու նպատակ: Այդ համատեքստում հետաքրքիր է՝ ինչպե՞ս է տեսնում ժամանակի ընթացքում դրա լուծումը վարչապետը: Զուտ ժամանակի՞ մեջ, երբ կասկածողները պարզապես կհոգնեն կասկածելուց, թե՞ Հայաստանի իշխանությունը անելու է որոշակի հատուկ քայլեր՝ դրանք ցրելու համար:
Բանն այն է, որ հատուկ քայլերը կարող են ունենալ հակառակ էֆեկտ, որովհետև «կասկած» առաջացնելու բուն նպատակն էլ հենց անընդհատ «հատուկ քայլերի» մղելն է, այդպիսով՝ կառավարման դեստրուկցիա առաջացնելը: Ընդ որում, դրան նպաստում է նաև այն, որ «խնդիրը» որոշակիորեն հանրային «դիսկուրսի» մակարդակ է հասել նաև Հայաստանի ներքին դաշտում՝ կամա թե ակամա սնուցելով արտաքին «կասկածները»:







































