ՌԴ Պետդումայի վերին պալատի՝ Դաշնային ժողովը երեկ արտոնեց Պուտինին սեփական հայեցողությամբ տնօրինել ռուսական զորքերի շարժը Ուկրաինայի տարածքում:
Մինչ ռուսները կկողմնորոշվեն ու կահսկանան, թե ինչ է սպասում Ռուսաստանին և ողջ տարածաշրջանին արդեն մեկնարկած անշրջելի գործընթացից հետո, մեզ՝ հայաստանցիներիս անհրաժեշտ է կողմնորոշվել ակնհայտորեն հասունացող սառը պատերազմի նոր ժամանակաշրջանում:
Ներկայիս սառը պատերազմն ունենալու է միանգամայն այլ բնույթ: Ամեն մեկը վերցնելու է իրենը՝ սկզբի համար: Եվ մենք այսօր ականատես ենք լինում դրան հայ-ռուսական հարաբերություններ ասվածի տեսքով: Այսինքն՝ Արևմուտքը փորձելու է ամրապնդվել իր դիրքերում, որտեղ որ բավական մեծ շանսեր ունի թույլ չտալու Ռուսաստանի առաջխաղացում, Ռուսաստանն էլ փորձելու է իր դիրքերում ամրապնդվել: Ամեն մեկը այս գործն իրացնելիս իր ունեցածն է օգտագործելու՝ ամրապնդելու իր ռեսուրսները, տեխնոլոգիաները, արժեքներն ու մտածողությունը:
Հայաստանը գտնվում է ռուսական դիրքերում, և այստեղ սառը պատերազմի տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում Ռուսաստանը փորձելու է Հայաստանում իր ազդեցությունը ամրապնդել հենց իրեն բնորոշ, իրեն հատուկ տեխնոլոգիաներով, արժեքներով, առկա ռեսուրսներով, որոնք առավելապես ռեպրեսիվ բնույթի են, զուրկ են ստեղծագործական սկզբից, ինքնին չեն ենթադրում ստեղծագործական բաղադրիչ, եթե, իհարկե, այս ստեղծագործականությունը միտված չէ «ցարի» փառաբանմանը կամ «ժողովուրդների բարեկամության» գովերգմանը, տվյալ դեպքում՝ «Ռուսաստանի ազատարարության» տրամաբանությամբ:
Երբ խոսք է գնում այն մասին, որ Պուտինը Ղրիմի պատերազմի իմիտացիայով կարող է վերականգնել Խորհրդային Միությունը, պետք է նկատի ունենալ առաջին հերթին հենց սա՝ աշխարհի հետ սառը պատերազմի տրամաբանությամբ խոսելու նրա գործողությունները, որոնք զուտ ֆորմայի առումով ամենևին պարտադիր չէ, որ ԽՍՀՄ հիշեցնեն: ԽՍՀՄ-ը հիշեցնում է տրամաբանությունը, որ հաղորդվում է Արևմուտքի հետ հարաբերությանը և այդ համատեքստում հետխորհրդային հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերություններին:
Այստեղ է թաքնված ԽՍՀՄ-ի գլուխը, թեև վաղուց արդեն իրականում ամեն ինչ բավական բացահայտ է, իսկ եթե չէր, ապա բացահայտ դարձավ ՌԴ սենատի երեկվա որոշումից հետո:
Հետևաբար ԽՍՀՄ վերականգնման փորձերին դիմակայելու հարցում սեփական գործողություններն ու մոտեցումները պետք է պլանավորել ոչ թե ֆորմաներից և ֆորմատներից ելնելով, ինչը ակնհայտորեն կտանի շեղ ճանապարհով, այլ ելնելով աշխարհաքաղաքական գործընթացներին Մոսկվայից հաղորդվող տրամաբանությունից, եթե ուզում ենք, որ բոլոր ճանապարհները ապագա տանեն, ոչ թե հետ՝ դեպի ԽՍՀՄ:










































