Գառնու տաճարի մոտ սրճարանի կառուցմամբ այդ պատմական հուշարձանի ոչնչացման հարցն է դրվում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Արման Մխիթարյանը:
«Դեռ Մովսես Խորենացին է վկայել, որ Գառնու տաճարի տարածքում մարդիկ են ապրել: Իսկ սրճարանի կառուցումից հետո ինչպե՞ս պետք է ուսումնասիրվեն տաճարի հարակից տարածքի մշակութային շերտերը»,- հարց հնչեցրեց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, պատմաբան Վահե Անթանեսյանն անթույլատրելի համարեց, որ Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ ուզում է Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցել: «Մշակույթի նախարարությունն ավելի ճիշտ կլինի անվանել մշակութասպան նախարարություն: Ես, որ նաև տուրիստական գործակալության տնօրեն եմ, պնդում եմ, որ Գառնիում սրճարան կառուցելը չի նպաստելու զբոսաշրջության զարգացմանը: Ոչ մի զբոսաշրջիկ, բացի պարսիկներից, այդ սրճարան չի մտնելու, քանի որ փաթեթով Հայաստան եկած զբոսաշրջիկը՝ իր խիտ գրաֆիկով, չի կարող գալ, սրճարանում նստել ու ժամանակ անցկացնել: Ակնհայտ է, որ հայոց մշակույթը պղծելու և ոչնչացնելու քաղաքականություն է տարվում: Սրճարանի կառուցումից հետո Գառնին կդադարի սրբավայր լինել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք վճռական պայքար ենք տանելու Գառնու տաճարի մոտ սրճարան չկառուցելու համար:
«Անկախ դավանանքից՝ բոլորս մտահոգ ենք այս ազգակործան, մշակութակործան քաղաքականությամբ»,- նշեց պատմաբանը:
Արորդյաց Ուխտի քուրմ էլ Վարուժ Աղաջանյանն իր հերթին նկատեց, որ, ի դեմս Գառնու տաճարի մոտ սրճարանի կառուցման, վտանգված է մեր ազգային ինքնության ամենամեծ անձնագիրը: «Տաճարը սարքում են օբյեկտ: Սա նույնն է՝ ինչ պղծել սեփական մոր անկողինը: Այն չի կարելի պղծել, ինչպես չի կարելի պղծել Էջմիածինը կամ ցանկացած այլ սրբավայր: Մեր անձնագիրը ջնջում են: Ի՞նչ ենք կոչվելու, եթե չլինի մեր լինելիության ապացույցը»,- հարց հնչեցրեց քուրմը:
Վարուժ Աղաջանյանը հայտարարեց, որ իրենք՝ Արորդյաց Ուխտի անդամները պատրաստակամ են ֆինանսական միջոցներ ներդնել Գառնու տաճարի տարածքում թանգարան հիմնելու նպատակով:









































