Բրազիլիայում այսօր պաշտոնապես մեկնարկում է կառնավալը, որը նշվում է ամբողջ երկրում, սակայն ամենահանրահայտը համարվում է Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը: Հենց այդ օրը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը քաղաքի խորհրդանշական բանալիները հանձնում է հումորային գեր թագավոր Մոմոյին, թագուհուն և արքայադուստրերին: Քաղաքի փողոցներում և հրապարակներում արդեն սկսվել են ժողովրդական զբոսանքները, իսկ հյուրանոցները, ավանդույթի համաձայն, 100 տոկոսով լեփ-լեցուն են:
Սակայն տոնի գլխավոր իրադարձությունները տեղի կունենան կիրակի և երկուշաբթի օրերին՝ Սամբայի հրապարակում, երբ սամբայի 12 դպրոցներ կներկայացնեն իրենց թեմատիկ ելույթները: Ներկայացումները սկսվում են երեկոյան ժամը 9-ին, ավարտվում առավոտյան:
Կառնավալը պաշտոնապես փակվում է մարտի 5-ին՝ «մոխրե չորեքշաբթի օրը», երբ կաթոլիկների մոտ սկսվում է Մեծ Պահքը:
Ըստ ավանդության՝ առաջին 6 տեղերը զբաղեցրած սամբայի դպրոցները կրկին Սամբայի հրապարակ դուրս կգան մարտի 8-ին՝ շաբաթ օրը, հաղթողների «տոնական շքերթին»:










































