«Արարատցեմենտ» գործարանի հետ կապված որևէ խնդիր չենք տեսել, պարտաճանաչ, բարեխիղճ աշխատում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ կառավարության նիստից հետո, հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Արմավիրի ու Արարատի մարզում դեկտեմբերից տեսչական ստուգումներ էին սկսվել՝ անօրինական ջրօգտագործողներին հայտնաբերելու համար: Այդ ստուգումների շրջանում թեստ է անցկացվել՝ կես օրով ցամաքոտային համակարգի ջրերի հոսքն անջատել են: Պարզվել են մի շարք անօրինական ջրօգտագործողներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Սակայն Արարատցեմենտի հետ կապված որևէ խնդիր, նախարարի խոսքով, չկա: Դեկտեմբերի վերջին լրացել է ընկերության կողմից ջրառ իրականացնելու ժամկետը, այժմ ջրառի թույլտվության հարցը քննարկվում է, և քանի որ խնդիրներ չկան, շուտով թույլտվությունը կտրվի:
Իսկ մինչ այդ, ըստ նախարարի, դեռևս դեկտեմբերին, գործարանը գրավոր տեղեկացրել էր, որ արտադրական գործունեություն չի ծավալում, հետևաբար՝ ջրառի մասին այս պահին խոսք չկա: Ավելին, ըստ նախարարի, գործարանի ջրառը չափազանց քիչ է ցամաքոտային ջրերի ընդհանուր ծավալում: Ջրի ընդհանուր ծավալը 2500-3000 լիտր/վայրկյան է, մինչդեռ գործարանը օգտագործում է 16 լիտր/վայրկյան ծավալի ջուր:








































