«168 Ժամ» թերթը գրում է. « Երեկ Երևանում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել «Ազգային բրենդի ռազմավարություն. անելիքներ և հեռանկարներ» խորագրով մի շնորհանդես, որի ժամանակ ներկայացվել է, թե ինչպես է ամերիկյան մի ընկերություն կերտելու Հայաստանի մրցունակ բրենդն ու այն ներկայացնելու աշխարհին: Դրա համար, ի դեպ, ծախսվելու է 450 հազար դոլար, որից 150 հազարը տրամադրելու է ՀՀ կառավարությունը:
Դրա համար, ի դեպ, ծախսվելու է 450 հազար դոլար, որից 150 հազարը տրամադրելու է ՀՀ կառավարությունը: Խնդիրը, սակայն, գումարը չէ և ոչ էլ այն, որ այդ գումարի պատկառելի մասը տրամադրելու է կառավարությունը, այսինքն՝ հարկատուները (նման էլիտար նպատակի համար գումարի հարց բարձրացնելը կառավարության նույնքան էլիտար անդամների կողմից հաստատ կորակվի` որպես պոպուլիզմ ու քաղաքական շահարկում): Ենթադրենք` Հայաստանի բրենդավորումը կատարվելու է միանգամայն անվճար, համաշխարհային հեռուստաընկերություններն ու քարոզչական մյուս հարթակներն էլ համաձայնելու են ոչ միայն առանց գումարի ցուցադրել Հայաստանը գովազդող հոլովակները, այլ դրա դիմաց վճարելու են ՀՀ պետբյուջե, արդյոք դրանից Հայաստանի վարկանիշը բարձրանալո՞ւ է, ներդրումներն էլ հոսելո՞ւ են Հայաստան: Իհա՛րկե ոչ: Հակառակը՝ բրենդային փուչիկը կպայթի շատ ավելի արագ, քան վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրելի շինարարության ու ոչ այնքան սիրելի օֆշորային փուչիկները:
Մարքետինգի ու գովազդի մասին պատմող անգամ դպրոցական դասագրքերում գրված է, որ որևէ ապրանքի կամ ծառայության չափազանցված կամ կեղծ գովազդը՝ իրական հիմքի բացակայության դեպքում, կարճ ժամանակ անց ունենում է հակառակ էֆեկտը՝ շուկայից դուրս մղելով այն արտադրողին: Այլ կերպ ասած՝ ստի վրա ոչ մի լավ բան չես կառուցի: Լինում են, իհարկե, նաև առանձին «շուստրիության» դեպքեր, երբ բարձրորակ բրենդավորմամբ անորակ ինչ-որ ապրանք «սաղացվում» է գնորդին (եթե Սերժ Սարգսյանին ճիշտ ընկալեցինք, ապա «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքը «Գազպրոմին» հենց նման օրինակ է), սակայն այդպիսի ռազմավարություն իրականացնող ընկերությունները երկար կյանք չեն ունենում: Հիմա նույն մոտեցումը կիրառվում է նաև Հայաստանի բրենդավորման դեպքում: Իշխանությունների հետևողական քաղաքականության արդյունքում Հայաստանը վերածվել է երկրի, որտեղ ոչ միայն օտարերկրյա ներդրումներն են նվազում տարեկան մի քանի տասնյակ տոկոսով, այլ արտահոսում է կապիտալը՝ տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար ծավալով: Արտահոսում է նույն իշխանություններին ու նրանց մերձավոր շրջապատին պատկանող (Հայաստանում խոշոր կապիտալն այլ պատկանելություն չունի), այսինքն՝ արտոնյալ հնարավորություններ ունեցող կապիտալը: Ի թիվս այլ պատճառների, նաև այն պատճառով, որ իշխանությունների նույն քաղաքականության արդյունքում Հայաստանը դատարկվում է` բառի բուն իմաստով՝ բիզնեսին զրկելով հաջողության հիմնական գործոնից՝ վճարունակ պահանջարկից:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































