«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Զոհրաբ Զոհրաբյանը։
-Պարոն Զոհրաբյան, ԲՀԿ-ն սերտ կապեր ունի Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության հետ: Անգամ մասնակցում էիք «Ռեգիոնների կուսակցության» համագումարին, ապա Յանուկովիչի նկարով կոնյակ նրան նվիրում ԲՀԿ առաջորդի կողմից: Չե՞ք զղջում նրա հետ համագործակցելու համար, ափսոսանք, ցավ չե՞ք ապրում:
-Ինչպես կարող է ափսոսանք ու ցավ չլինի: Ամեն դեպքում ես պետք է ասեմ, որ այստեղ աշխատում է մարդկային գործոնը: Եվ եթե չլիներ Յանուկովիչը, լիներ ուրիշ մարդ և երկրի համար աներ ամեն ինչ օրենքի սահմաններում ու ժողովրդի մասին մտածեր՝ չէր լինի այդ ամենը: Ես իհարկե դատապարտում եմ, առաջին օրվանից եմ դատապարտել, վերլուծելով՝ ասել եմ, որ զոհեր են լինելու, ուղղակի պետք չէր հասցնել դրան, հետո նոր հեռանալ: Ցավոք սրտի, նույն բանը Սիրիայում է տեղի ունենում: Այդքան մարդ է մահանում, այդքան զոհեր են տալիս, և եթե Բաշար Ասադն իր ժողովրդի մասին մտածեր, և եթե անգամ դիմացինը եկել է, ուզում է վերցնել քո իշխանությունը, բայց դու գտնում ես, որ նա սխալ է, և դու ես ճիշտ, թող ամեն ինչ. մարդկային կյանքից թանկ բան աշխարհում չկա: Եթե հիմա ոսկուց պատեր կառուցենք այստեղ, մեզ այն պետք չի գա, քանի որ մարդու կյանքն է ամենակարևոր բանը:
-Յանուկովիչի մոտ փաստորեն չկա՞ր սերը ժողովրդի նկատմամբ, մարդկային կյանքը որպես արժեք դիտարկելը:
-Բացարձակապես չկար ու չի էլ եղել: Բայց եթե մենք օրինակ ենք բերում, որ նա եկել է մեզ մոտ, իրեն նվեր տվեցին, հրապարակ բացեցին նրա անունով և այլն, սխալ է, քանի որ կարող եմ ասել, որ Յանուկովիչը ընդամենը մեկ ամիս առաջ էլ գրկախառնվել է Անգելա Մերկելի հետ, բայց սա չի նշանակում, որ Անգելա Մերկելը մտածել է, որ Յանուկովիչը սրիկա է: Ինքը Պուտինի ձեռքն էր սեղմում, գրկախառնվում տարբեր երկրների իշխանությունների հետ: Իսկ հայը հարգել սիրող է, և եթե մեկը հյուր է գալիս, անկախ նրանից՝ ինքը ճանաչում է, թե ոչ, հարգում, պատվում, հյուրասիրում է:
-Այսինքն՝ հիմա ԲՀԿ-ի և Ռեգիոնների կուսակցության հարաբերությունները լիովին կխզվե՞ն:
-Կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո Ռեգիոնների կուսակցությունն ընդհանրապես չի լինի:
-Մայդանում արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության շուրջ այդքան մարդ հավաքեց, Հայաստանում կա՞ մարդկային այդ ներուժը:
-Ես ուսումնասիրել եմ Մայդանում ծավալվող պրոցեսը հենց առաջին օրվանից: Հավատացեք, մեր պատերացրածից քիչ մարդ կար, ընդ որում՝ վերջին օրերի զարգացումների ժամանակ Մայդանում եղել է 3000-4000 մարդ, այսինքն՝ այն ծայրահեղականները, ովքեր զենք վերցրին իրենց ձեռքը և արեցին այն, ինչ պետք է անեին: Ամեն մեկը չի կարող զենք վերցնել և գնալ իշխանափոխություն անելու, որովհետև ամեն մարդ մտածում է իր կյանքի, իր ընտանիքի մասին:
-Այսինքն՝ մենք դեռ մեր վախերը չենք հաղթահարել:
-Հենց դա եմ ասում: Ուկրաիանան 40-50 միլիոն բնակչություն ունի, սակայն Մայդանում 150-200 մարդ էր հավաքվել, և իշխանափոխությունը տեղի ունեցավ վերջին մի քանի օրերին, երբ ընդամենը մի քանի հազար հոգի էին հավաքվել և պայքարում էին այդ իշխանափոխությունը անելու համար: Այսինքն՝ մարդիկ հատուկ տրամադրվածությամբ գնացին այն քայլին, որը ես առաջին օրվանից ասում էի: Ես նույնը ասել եմ Սիրիայի, Եգիպտոսի պարագայում, նույնը, ցավոք սրտի, ասում եմ նաև ՀՀ պարագայում: Պետք չէ մարդկային զոհեր լինեն, և նոր միայն մարդիկ զղջան, մարդիկ պատժվեն: Մարդկային կյանքը Աստծո կողմից ամենամեծ նվերն է:
-Հիմա մեզ մոտ ինչպե՞ս կարելի է դա անել և խուսափել մարդկային զոհերից:
-Ես կարծում եմ՝ մեր ամենօրյա աշխատանքով, ճիշտ մատուցումով և մոտեցումներով, պետք է մատուցես այնպես, որ դա տեսանելի, շոշափելի լինի:
-Ի՞նչ եք կարծում, ՄՄ-ն Հայաստանի պարագայում կյանք ունենալո՞ւ է, թե՞ ոչ:
-Ամբողջ ցավն այն է, որ մարդկանց ոչ ճիշտ, ոչ պրոֆեսիոնալ է մատուցվում այս ամենը: Եթե ինձ ասեն, որ պետք է գնամ Ջերմուկի գործարանում աշխատեմ, բայց ինձ տանեն գինու գործարանում աշխատելու՝ ես բան չեմ հասկանա: Մեզ մոտ ամեն ինչ հապշտապ է տեղի ունենում: Այսօր ՀՀ-ն այն իրավիճակում չէ, որ կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնելու, և ինչքան էլ ասենք, որ մենք անկախ պետություն ենք, մենք կախյալ ենք:
-Մայդանը այս առումով հակառակը չապացուցե՞ց:
-Ուկրաինացիները Եվրոպային ավելի մոտ են կանգնած, և նրանց մտածելակերպն էլ տարբերվում է հայկականից, որովհետև մենք սպեցիֆիկ հոգեբանություն ունենք, և մենք չենք կարողանում ճիշտ ժամանակին կողմնորոշվել՝ ինչ պետք է անենք: Եվ դրա համար ունենք այն, ինչ ունենք, բայց մենք բոլորով կարող ենք այս իրավիճակից դուրս գալ:
ՄՄ-ում եթե անգամ ամենալավ պայմանները, մոտեցումները ցուցաբերվեն Հայաստանի նկատմամբ, եթե մենք չունենանք արդյունաբերություն, տնտեսություն, մենք չենք կարող որևէ բան շահել, մենք մեր տնտեսությունը պետք հզորացնենք, այլապես մեր պետությունը կքայքայվի:
-Հնարավո՞ր է՝ Մայդանի իրադարձությունները փոխակերպվեն մեզ մոտ:
-Իհարկե, չի բացառվում ոչ մի բան, և առհասարակ տարածաշրջանում ամեն բան հնարավոր է: Ինչ էլ խոսենք, միևնույն է, դրսի ուժերը ամբողջ աշխարհում ունեն իրենց դերակատարությունը:
-Դուք ռուսամե՞տ ուժ եք:
-Այնպես չէ, որ ամբողջ ԲՀԿ-ն ռուսամետ է, այնտեղ կան և եվրոպամետներ, և արևմտամետներ, այնտեղ կան տարբեր կարծիքներ: Օրինակ՝ մենք գիտենք, որ Օսկանյանը ռուսամետ չէ, այսինքն՝ կուսակցության մեջ էլ տարաձայնություններ կան, հարցեր կան, և մենք պետք է այդ ամենը վերլուծենք:
-Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը որքանո՞վ եք հավանական համարում:
-90 տոկոսով բացառում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, գուցե ինչ-որ քայլեր են անում մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծելու համար, բայց այդ ամենը սխալ ուղղությամբ կարող է տանել: Կարող եմ ասել, որ ինչպես էլ փորձենք վերլուծել, մենք այսօր մի քանի անգամ ավելի վատ իրավիճակում ենք գտնվում, քան մի քանի տարի առաջ:










































