Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գործնականում զանգվածային ձևով արձանագրում են, որ ՀՀ ավտոճանապարհներին նախկինում երբեք նման թալանի չեն ենթարկել: Փետրվարի 26-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով՝ խոսքը «տխրահռչակ» արագաչափերի ու տեսախցիկների մասին է:
Փաշինյանի խոսքով՝ ստացված տվյալները քաղաքացիների կարծիքը հաստատում են, եթե 2011-ին մոտ 3 մլրդ գումար է վճարվել, ապա 2012-ին միանգամից վճարել են 7.5 մլրդ, իսկ 2013-ին՝ 11.3 մլրդ դրամ: «Սա մի բեռ է, որ նախկինում չի եղել, ռեկետ է, որովհետև կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գները թանկանում են, գազը թանկանում է, ՀՀ քաղաքացիների վրա ավելացնում եք նոր բեռ, որ նախկինում գոյություն չի ունեցել: Քիչ է մնում մեր պադյեզդների վրա էլ արագաչափեր դնեք, որ տեսնեք մեր տներից սահմանված արագությամբ ենք դուրս գալիս, թե չէ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ գումարները բյուջե չեն մտնում:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորի խոսքին արձագանքելով՝ նշեց, որ եթե նրա տրամաբանությամբ շարունակեն, կստացվի, որ եթե Փաշինյանի կողմից հնչեցվող ստվերայնության տոկոսը երկրում հանկարծ վաղը կտրուկ իջնի, նա պիտի ասի, որ սա պետական ռեկետ է, եթե նա պետբյուջե գանձվող գումարները համարում է պետական ռեկետ, ապա պետք է բոլոր հարկերը, տուրքերը, պարտադիր վճարները այդ նույն տրամաբանությամբ լինեն:
«Կարո՞ղ եք արձանագրել, որ չի եղել այդ խախտումը, բայց արձանագրվել է, թե՞ պետությունը պիտի հանդուրժի, որ մենք ընդունել ենք որոշակի կարգ, բայց պիտի բոլորս ասենք՝ չէ, բոլորը խախտելու են, բայց իրավական հետևանք չի լինելու, կարող ենք պայմանավորվել, ասել՝ նման երկիր ա պետք, երթևեկության կանոները հանենք, ոստիկաններին հանենք: Ընդհանրապես երկրում թող ոչինչ չլինի: Այս ճանապարհը լավ տեղ չի տանում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































