Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հարցով Եվրամիության վերջին գագաթնաժողովում, Brexit-ի հետ կապված ճգնաժամային իրավիճակում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է վատ ոստիկանի դեր խաղալ, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բաժին է հասել լավ ոստիկանի դերը, գրում է Financial Times-ը:
Մտնելով վատ ոստիկանի դերի մեջ, Մակրոնը սպառնացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին առանց որևէ այլընտրանք թողնել, բացի ԵՄ-ից առանց գործարքի քաոսային ելքը, Brexit-ը չեղարկելու անհարմար որոշումը և երկրի ներսում գործարքի հաստատման վերաբերյալ Բրիտանիայի խորհրդարանում բարդ քվեարկությունը, գրում է պարբերականը:

Թերեզա Մեյին հեռացնելուց հետո Եվրամիության 27 ներկայացուցիչներն անցել են Brexit-ի վերջնաժամկետի որոշման հարցին: Ըստ պարբերականի, ճաշի ժամանակ Անգելա Մերկելը խոսել է եվրոպական բարեկամության մասին, ակնարկելով «դուք ձեր ընկերներին հնարավորություն եք տալիս, ևս մեկը, հետո էլի մեկը»: Մասնակիցները պնդել են, որ հենց այս արտահայտությունն է որոշիչ եղել Մակրոնին համոզելու հարցում:
Մակրոնը համառ և անհաշտ դիրքորոշում է ներկայացրել, կտրուկ արձագանքելով ԵՄ անդամներին, նշում է FT-ն: Ավելի ուշ, Ֆրանսիայի առաջնորդը հանդարտվել է, իսկ կեսգիշերից հետո Եվրոպայի 27 առաջնորդները փոխզիջման են եկել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու ժամկետը երկարաձգելով մինչև հոկտեմբերի 31-ը: Մեյը հանդես է եկել ժամկետը մինչև հունիսի վերջ երկարաձգելու առաջարկով:










































