ՀՀ ոստիկանությունն անում է ամեն բան՝ շուկայից դուրս մղելու պահնորդական գործառույթներ իրականացնող մասնավոր ընկերություններին: Այս պահի դրությամբ այդպիդի ընկերությունները զրկված են ոստիկանության կողմից անցկացվող որակավորման ստուգումներին մասնակցելուց: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը՝ անդրադառնալով Ոստիկանության պահպանության մասին նոր օրինագծին:
«Ոստիկանության պահպանության մասին օրենքում առկա են կետեր, որոնք միտում ունեն շուկայից դուրս մղել մասնավոր պահնորդական կազմակերպություններին: Օրենքի նպատակն է պետական պահպանությունը տարանջատել մասնավոր պահնորդական ծառայություններից: Ոստիկանություն դիմած մասնավոր պահնորդական կազմակերպությունների անդամները, ովքեր ցանկանում են որակավորման ստուգում անցնել և պահնորդական աշխատանքի անցնել, ոստիկանության կողմից մերժվում են:
Ոստիկանությունը պնդում է, որ պետք է ունենա ռազմականացված ստորաբաժանում, որի աշխատողը պետք է լինի հենց ոստիկանության ծառայող: Իսկ մենք կարծում ենք, որ այս օրենքը ոտնահարում է մասնավոր հատվածի իրավունքները: Այս օրենքով կազմակերպություններին պարտադրվելու է պայմանգրեր կնքել ոստիկանության հետ՝ շուկայից հետ մղելով մասնավորին: Խոսքը բիզնես շահի մասին է:
Հատկանշական է, որ պահպանության ոլորտում մասնավոր հատվածի ավելի քան 10 հազար անդամ է զբաղված: Ընդ որում՝ մեր չափանիշները չբավարարող անձինք բավական հաջողությամբ աշխատանքի են անցնում ոստիկանությունում»,- ասաց Հովհաննես Պետրոսյանը՝ հավելելով, որ խնդիրը լուծելու պահանջով պատրաստվում են դիմել երկրի նախագահին, ոստիկանապետին, կառավարությանը, ԱԺ-ին, ՄԻՊ-ին և այլ ատյաններ:
«ՍԻԱՍ» անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանն էլ նկատեց, որ օրենքի նախագիծը դեմ է իրենց՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների շահերին: «Մենք ունենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է որակյալ պահնորդական ծառայությունը մատուցելու համար: Պատրաստում ենք անվտանգության գրագետ աշխատակիցների՝ պահնորդներ, թիկնապահներ և այլն: Մեր ակադեմիան ունի համապատասխան լիցենզիա, լուրջ միջոցներ է ներդրել գործի մեջ, սակայն կան ուժեր, որոնք ուզում են խլել մեր բիզնեսը»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրենք մինչև վերջ պայքարելու են սեփական իրավունքների համար:
Քննարկանմը ներկա, «Արմոբիլ» կազմակերպության տնօրեն Վահագն Կակոսյանն էլ նշեց, որ օրենքի ընդունումը բերելու է աշխատատեղերի անխուսափելի կրճատման: «Եթե պահպանության մասին օրենքում փոփոխություններ մտցվեն, ոստիկանությունում, ՊՆ-ում թոշակի անցած և մեր կազմակերպություններում աշխատանք գտած անձինք լուրջ խնդիրներ կունենան: Այս օրենքի նպատակը ոստիկանության զորքը մեծացնելն է, պահպանությունից ստացված հսկայական գումարները արտաբյուջետային ֆոնդեր ուղղելը, որոնք ոստիկանությունը հետո տնօրինելու է ուզածի պես: Իսկ մենք, որ խոշոր հարկատու ենք համարվում, վճարում ենք շահութահարկ, եկամտահարկ, ավելացված արժեքի հարկ՝ մեր բոլոր՝ 1100 աշխատողների հաշվարկով»,- ասաց նա:
Մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող «Լեգեոն» ընկերության տնօրեն Եղիշե Սիմոնյանն էլ հարց հնչեցրեց՝ ոստիկանությունն ինչ չափորոշիչներից ելնելով է օրենքում մտցնում պարտադիր բաղադրիչը: «Պահպանության մասին օրենքը հիմքից կտրում է մասնավորի գործունեության հնարավորությունները: Դա կբերի շուկայից մեր դուրսմղմանը: Ճիշտ կլինի, որ ոստիկանությունն իրականացնի պետական նշանակության շինությունների պահպանությունը, իսկ մենք պահնորդական ծառայություններ կմատուցենք մասնավոր կառույցներին»,- ասաց նա:
«Պանտերա սեքյուրիթի» մասնավոր կազմակերպության ղեկավար Վահե Դարբինյանը հատկանշական համարեց, որ Պետական պահպանության գլխավոր վարչության կողմից տարեկան ստացված հինգ-վեց միլիոն դոլարը չգիտես թե ուր է գնում:









































