Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Էդուարդ Ամալյանի վարույթում քննվող «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանն ընդդեմ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի քաղաքացիական գործով կայացավ 14.01.2019թ. հետաձգված նախնական դատական նիստը։
Դատական նիստին ներկա էին հայցվոր Դավիթ Ջալալյանը, հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Ծովինար Կարապետյանը և պատասխանողի ներկայացուցիչ Արծրուն Բադալյանը։
Հիշեցնենք, որ 14.01.2019թ. նախնական դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պատասխանողի ներկայացուցիչ Արծրուն Բադալյանը ցանկություն էր հայտնել գրավոր տեսքով ներկայացնել ապացուցում պահանջող փաստերի բաշխման վերաբերյալ իր կարծիքը։
Ըստ այդմ, նախագահող դատավոր Էդուարդ Ամալյանի կողմից շարունակվեց ապացուցում պահանջող փաստերի շրջանակի և ապացուցման պարտականության բաշխման քննարկումը։
Հայցվորի ներկայացուցիչ Ծովինար Կարապետյանը դիրքորոշում հայտնեց, այն մասին, որ օրենքի տրամաբանությունից է բխում սույն գործով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը պատասխանողի վրա դնելը, և սույն գործով այն չի կարող փոխանցվել հայցվորին, քանի որ ապացուցման պարտականությունը պատասխանողից չի պահանջում ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր։
Նախնական դատական նիստը այս անգամ ևս հետաձգվեց, քանի որ դատարանը պետք է գրավոր գնահատական տա պատասխանողի ներկայացուցչի կողմից գրավոր տեսքով ներկայացված ապացուցում պահանջող փաստերի բաշխման վերաբերյալ կարծիքին։
Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ս.թ. սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Արարատ» մրցավեճից հետո մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր» «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» հոդվածին և հրապարակավ Ջալալյանի հասցեին անհարկի հնչեցրել վիրավորական արտահայտություններ:
Բացի դրանից, Աշոտ Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական կայքում վիրավորական գրառում էր կատարել հոդվածի ներքո՝ այսպիսով նաև փորձելով խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը:
Ջալալյանը դատարանից խնդրել էր Աշոտ Բարսեղյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել մամուլի ասուլիս հրավիրելու միջոցով, ինչպես նաև հրապարակային ելույթի ընթացքում Դավիթ Ջալալյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու, բարի համբավն արատավորելու համար և Աշոտ Բարսեղյանից բռնագանձել մեկ միլիոն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի հունիսի 7-ին:








































