Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրն անցավ հետաքրքիր և լարված պայքարում: Այն, որ թիմերը որակապես աճ են գրանցել՝ անհերքելի է: Վերջին երկու հանդիպումներում հատկապես լավ տպավորություն թողեց «Արարատ-Արմենիան», որը 4:1 հաշվով «Արարատին» հաղթելուց հետո երեկ 3:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ:
«Արարատ-Արմենիայի» հաջողության հիմնական «մեղավոր» կարելի է համարել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Երևանյան ակումբը աչքի է ընկնում տակտիկապես գրագետ խաղով և գոլային պահերի իրացման բարձր արդյունավետությամբ: 21-րդ տուրում տպավորեց նաև «Ալաշկերտը», որը 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Գանձասար-Կապանին»: 65-րդ րոպեին, երբ հաշիվը 3:1 էր հօգուտ երևանյան թիմի, հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը դաշտից հեռացրեց «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեյն Չանչարևիչին: «Գանձասար-Կապանին» հաջողվեց միայն մեկ անգամ գրավել «Ալաշկերտի» դարպասը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում ռուս հարձակվող Պրուդնիկովը հաշիվը դարձրեց 4:2: Այսօր ունենք 4-5 թիմեր, որոնք ըստ էության հավասարազոր են և պայքար են մղում չեմպիոնի կոչման համար:
Անդրադառնանք, սակայն, երեկվա հանդիպումների բացասական կողմին: 21-րդ տուրի 4 հանդիպումներում արձանագրվել է 13 գոլ, որոնցից 12-ը խփել են լեգեոներ ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ դարձած միակ հայ ֆուտբոլիստը «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանն է: «Արարատ-Արմենիայի» հիմնական կազմում էլ կար ընդամենը մեկ հայ ֆուտբոլիստ՝ վերջերս «Փյունիկից» տեղափոխված Պետրոս Ավետիսյանը: Այո, «Արարատ-Արմենիայի» լեգեոներները ընդհանուր առմամբ ավելի լավ տպավորություն են թողնում, բայց…
Վերջապես պե՞տք է հասկանանք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք: Նույն «Արարատ-Արմենիան» վաղը կարող է խաղալ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում, բայց արդյո՞ք դրանից կշահի մեր ֆուտբոլը: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան ֆուտբոլային այլանդակություն: «Արարատի» խաղացող Կևին Նտիկա Բոնդոմբեն գնդակը հետ փոխանցեց դարպասից դուրս եկած դարպասապահ Միխայիլ Պետրուշչենկովին: Վերջինս չկարողացավ, այսպես ասած, տշել այն, և գնդակը հայտնվեց դարպասում:
«Նման ֆուտբոլիստներից պետք է արագ ազատվել: Նույնիսկ իմաստ չունի նրանց պահել մինչև մրցաշրջանի ավարտը: Պետք է ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ ներգրավենք, որպեսզի նման իրավիճակ չլինի: Իմաստ չունի նման խաղացողների հետ աշխատել»,- «Շիրակի» հետ հանդիպումից հետո ասաց «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Հիշեցնենք, որ Խաշմանյանը դեմ էր արտահայտվել Հայաստանի առաջնությունում լեգեոներների թվի հնարավոր սահմանափակմանը՝ այն անվանելով հիմարություն: Այսօր արդեն «Արարատի» մարզիչը խոսում է լեգեոներ խաղացողներից ազատվելու մասին: Այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ սկզբունքով են լեգեոներները ընտրվում: Մի՞թե փորձաշրջանի ընթացքում չի կարելի կարծիք կազմել նրանց որակների մասին, թե՞ պետք է խաղի «հերն անիծեն», ու նոր խոսվի նրանց որակի մասին: Ինչո՞վ է Կևին Նտիկա Բոնդոմբեն լավը մեր ֆուտբոլիստներից: Մի՞թե դրսից Բոնդոմբեի պես խաղացողներին հրավիրելը ինքնանպատակ է:
Հայաստանի առաջնության առաջին հատվածի վերջին հանդիպումներում «Արարատը» կադրային լուրջ խնդիրներ ուներ և ստիպած էր երկրորդ թիմից հիմնական կազմ ներգրավել մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների: Բարձրագույն խմբի առաջնությանը հետևող մասնագետներից շատերը կհամաձայնեն, որ առաջին շրջանի վերջնամասում «Արարատը» շատ ավելի լավ տեսք ուներ, քան հիմա: Երևանյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրվել է բազմաթիվ օտարերկրացի ֆուտբոլիստներով: Խոսվում էր, որ թիմի առաջ խնդիր է դրվել նվաճել եվրագավաթներում ելույթ ունենալու իրավունք: Այսօր կարող ենք ասել, որ այս կազմով «Արարատը» չի կարող տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր վիճակագրական տվյալներ առաջնության 20-րդ տուրի վերաբերյալ: Հանդիպումների մասնակից 8 թիմերի մեկնարկային կազմի 88 ֆուտբոլիստներից լեգեոներներ են 50-ը։ Ընդամենը 3 թիմերի՝ Արցախի, Շիրակի ու Ալաշկերտի կազմերում են հայաստանցի ֆուտբոլիստները քանակական առումով գերազանցում լեգեոներներին։
«Ալաշկերտ»-5 լեգեոներ
«Փյունիկ»-9 լեգեոներ
«Արարատ Արմենիա»-9 լեգեոներ
«Բանանց»-6 լեգեոներ
«Լոռի»-9 լեգեոներ
«Շիրակ»-4 լեգեոներ
«Արարատ»-7 լեգեոներ
«Արցախ» -1 լեգեոներ
Արդյոք այս պատկերը կամ Բոնդոմբե-Պետրուշչենկո շեդևրը գոհացնո՞ւմ է մեզ, երկրպագուներին, մասնագետներին: Կարծում ենք՝ ժամանակն է, որ խնդրի շուրջ սկսվեն ավելի ակտիվ և լուրջ քննարկումներ: Տեղի ունեցող երևույթները իսկապես տհաճ են:
Լուսանկարը՝ Vivaronews.am-ի










































