Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունել է Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Մանասարյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բենինի դեսպանը հավաստիացրել է, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կրթության, մշակույթի, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև: Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շարունակությունն ու ամրապնդումը և իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:









































