«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Վարագ Սիսեռյանը։
«Ռուբեն Սաղաթելյանը մեզ հետ չի համաձայնեցրել Չինաստանի քաղաքացիների՝ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք մուտք գործելը և փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ։ Մենք դա ճշտել ենք և այս պահին ձեռնարկել ենք Ռուբեն Սաղաթելյանին «Շանսի-Նաիրիտի» տնօրենների խորհրդից հեռացնելու գործընթաց»,- ասել է Սիսեռյանը՝ նշելով, որ Սաղաթելյանը տակավին կշարունակի աշխատել «Շանսի-Նաիրիտում», բայց այդ հարցն էլ կլուծվի ապրիլի սկզբին, երբ Չինաստանում կայանալու է համատեղ ձեռնարկության խորհրդի տարեկան ժողովը, որին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը։










































