Ազգային ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատներին ու տուժածներին հատուցում տրամադրելու մասին» օրինագիծը։ Ինչո՞ւմն է սրա անհրաժեշտությունը, սա արդյո՞ք հնարավորություն է իրավաքաղաքական գնահատական տալու Մարտի 1-ի արյունալի այդ իրադարձություններին, իրավաքաղաքական գնահատական տալու նախկին իշխանությունների գործողություններին «Առաջին լրատվական»-ի հարցին ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Ես նայեցի օրենքի նախագիծը և նախագծի հիմնավորումները։ Ասեմ, որ այդ գնահատականներն այդքան խիստ չէին, ինչքան որ սպասելի էր։ Բայց, այնուամենայնիվ, իսկապես կար այս օրենքի անհրաժեշտությունը, և իսկապես, պետությունը պետք է իր վրա վերցներ այդ պարտավորությունը և փոխհատուցեր Երևան քաղաքում, ըստ էության, պետության կողմից գնդակահարված իր քաղաքացիներին։ Այդ միջադեպի հետևանքով շատերը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, և պետությունը պարտավոր է փոխհատուցել նրանց։ Ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ այսուհետև պետության կողմից իր քաղաքացիներին իր անգործության կամ ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասը պետք է հատուցի, որովհետև դրա պատասխանատվությունն ընկնելու է իր վրա»։
Իսկ փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ հավելեց․ «Մեր քրեական դատավարությունը նախատեսում է տուժողի երեք կարգի վնասների հատուցում՝ ֆիզիկական, բարոյական և նյութական։ Լավ է, որ այս օրենքն ընդունվում է, և Հայաստանի Հանրապետությունը ներպետական դատական ատյաններով այս խնդիրը կլուծի, և մենք Եվրոպական դատարան, կարծում եմ՝ գործեր չենք տա։ Օրենքը նաև կանխարգելիչ դեր կունենա, որպեսզի քաղաքական հետապնդումներ չիրականացվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































