Հուլիսի 4-8-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա տարվա գլխավոր աստղագիտական իրադարձությունը՝ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, EAS) հերթական համագումարը:
Համագումարին կմասնակցեն եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ և այլ հյուրեր: Հայաստանից համագումարին կմասնակցի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, որը նաև Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն է և հրավիրված զեկուցող:
Համագումարի ընթացքում տեղի կունենան 9 գիտաժողովներ և 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստ, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ:
Հիշեցնենք, որ 2007 թ. նման համագումար տեղի է ունեցել նաև Հայաստանում: 2008-ին համագումարն անցկացվել է Վիեննայում, 2009-ին՝ Լոնդոնում, իսկ 2010-ին՝ Լիսաբոնում:
Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել http://jenam2011.org/conf կայքէջ:









































