ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության մասնակցությամբ լրտեսման սկանդալից հետո Փարիզի և Վաշինգտոնի միջև վստահությունը վերականգնվել է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ պետական այցի ժամանակ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Այն բանից հետո, երբ Սնոուդենի գործը դարձավ հասարակության սեփականությունը, մենք պարզաբանումներ ստացանք: Փոխադարձ վստահությունը վերականգնվել է»,- հայտարարել է Օլանդը Օբամայի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Սկանդալի թեժ պահին ֆրանսիական կողմը պահանջել էր հետաձգել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկը: Օլանդն այսօր արդեն վստահեցրել է, որ Ֆրանսիան հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ տնտեսական գործընկերության ամրապնդմամբ և պատրաստ է նպաստելու ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններին:










































