Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն արձագանքել Հայաստանի իշխանությունների դիմումին` կապված միգրանտների Ռուսաստանում գտնվելու նոր կարգի հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի իշխանությունները նոր կարգ են սահմանել միգրանտների համար, և եթե նրանք աշխատանքային պայմանագիր չունեն, ապա 90 օրից ավելի չեն կարող մնալ Ռուսաստանի տարածքում: Իսկ միգրանտները Ռուսաստանում, այդ թվում` հայաստանցի, ինչպես հայտնի է, զգալի մասով չունեն աշխատանքային պայմանագրեր: Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին, հայաստանցի միգրանտների համար բացառություն անելու նպատակով:
Այս իրավիճակը բավական հետաքրքրական է ըստ էության: Մի կողմից դրված է Հայաստանի մի քանի տասնյակ հազար քաղաքացիների և նրանց ընտանիքների օրվա հացի, հաճախ ուղղակի գոյության խնդիրը, իսկ մյուս կողմից էլ Հայաստանը հերթական անգամ հայտնվել է Ռուսաստանին խնդրողի կարգավիճակում: Իրականում այս խնդիրը ունի նաև մեկ այլ կողմ, որը միգուցե փոքր-ինչ տարօրինակ թվա շատերին, սակայն այս մասին պետք է խոսել: Խնդիրն այն է, որ միգրանտների համար նման կարգի սահմանումը միգուցե այն չարիքն է, որ չկա առանց բարիքի: Խնդիրն այն է, որ այդ հարցի լուծումը, ըստ էության, կարճաժամկետ, ընդամենը գոյության պահպանության հարց է լուծելու և միգրանտների, և ընդհանրապես Հայաստանի համար:
Մինչդեռ դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի պայմանների դժվարացումը միգուցե մեր հազարավոր հայրենակիցների ստիպի այլևս մնալ Հայաստանում: Մնալ Հայաստանում և այստեղ պահանջատեր լինել սեփական իրավունքներին՝ սոցիալական, իրավական, քաղաքական: Այսինքն` այլևս ելքը փնտրել ոչ թե արտերկրում մի կտոր հաց վաստակելու և կեսը Հայաստան ուղարկելու մեջ, կամ էլ ընտանիքին իր հետևից տանելու, այլ Հայաստանում իրավիճակ փոխելու մեջ: Այս տեսանկյունից, Հայաստանի համար հեռանկարային առումով երևի թե իսկապես լավ կլինի, եթե Ռուսաստան արտագնա աշխատանքը դառնա իսկապես խնդիր և հնարավոր չլինի այդպես հեշտ ու հանգիստ մեկնել Ռուսաստան:
Միգուցե հայաստանցի հազարավոր քաղաքացիներ դադարեն բողոքել հեռանալով կամ բողոքելով հեռանալ և կմնան, ու թեկուզ ստիպված` բողոքելով կպայքարեն, ստիպելով իշխանություններին վերջապես երկրի ներսում կատարել քայլեր, որոնք կնպաստեն տնտեսության գերկենտրոնացումը ցրելու, Հայաստանում մրցակցություն, աշխատատեղեր ապահովող իրական քաղաքականություն վարելու համար:
Այսինքն` կշեռքի նժարին, ըստ էության, Հայաստանի գոյատևման և զարգացման հարցերն են: Առաջինի դեպքում մենք պահպանում ենք ներկայիս գոյատևման ռեժիմը, շարունակում ենք տրանսֆերտների հաշվին պահել մեր ընտանիքներն ու պետությունը, բայց որը զրկվում է զարգացման հեռանկարներից, իսկ երկրորդի դեպքում միգուցե կարճ ժամանակամիջոցում մենք ունենում ենք խնդիրներ և՛ անհատական-ընտանեկան, և՛ պետական մակարդակում՝ բյուջեի զգալի մասը, ինչպես նաև գնողունակ պահանջարկի ձևավորումը տրանսֆերտներից է կախված, բայց փոխարենը առաջանում են խթաններ ներքին պայքարի, իշխանությունների հանդեպ հասարակական ճնշման ուժգնացման համար, որը կբերի իրավիճակի փոփոխության՝ իշխանափոխության կամ իշխանություններին փոփոխություններ պարտադրելու միջոցով:
Լուսանկարը՝ Photolure-ի









































