ՀՀ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն այսօր «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ըստ էության ամրագրեց ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում պաշտոնական Երևանի դիրքերը, ապա՝ դիրքորոշումը Կազանի եռակողմ հանդիպումից հետո:
Գ.Իսագուլյանը նախ իր ներածական խոսում հիշեցրեց, որ մշտապես էլ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները մեծ հետաքրքրություն են առաջացնում, տարբեր տեսակատներ, ակնկալիքներ են հնչում, բայց միշտ առկա է այն մտայնությունը, թե ստորգրվելու է փաստաթուղթ և առաջընթաց է գրանցվելու, բայց հիասթափություն է տեղի ունենում:
Գ.Իսագուլյանը փորձեց վերլուծել, թե ինչն է պառճառը, որ առաջընթաց տեղի չի ունենում: «1994թ. զինադադարի պայմանագրից հետո, որտեղ հանդես եկան հակամարտության երեք կողմերը, դրանից հետո անցած 17 տարիների ընթացքում ռազմական լուրջ առճակատումից հետո, եթե ԼՂ խնդրի քաղաքական լուծում չի գտնվել՝ դա նշանակում է, որ հակամարտող կողմերը և այն տերությունները, որոնք անմիջական մասնակցություն ունեն կարգավորման գործընթացում, դեռևս չեն գտել այն ընդհանուր քաղաքական լուծումը, որը կբավարարեր բոլոր կողմերին»,- նկատեց նա:
Գ.Իսագուլյանը նշեց, թե ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված երկու տեսակետ կա, որը եղել է դեռ մինչև 1994 թ. զինադադարը, այն է՝ որ եթե Հայաստանը գնա զիջումների, ապա դա առաջ կբերեր Ադրբեջանի մոտ ցանկություն՝ գնալ զիջումների և հնարավոր կլիներ խնդիրը լուծել: Ըստ նրա՝ գոյություն ուներ երկրորդ տեսակետը՝ որևէ զիջման պարագայում այս խնդիրը չի կարող լուծում ստանալ. «Մենք զիջում արել ենք մինչև 1995թ., զիջում արել ենք 1998-ին, զիջումներ արել ենք նաև հետագայում և այսօր նորից գնալ զիջումների՝ հույս ունենալով, որ դրանից հետո Ադրբեջանը դիրքորոշումւ կփոխի՝ ճիշտ չի, որովհետև կյանքը ցույց է տվել, որ ցանկացած զիջման պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը ավելի է կոշտացել, Ադրբեջանը դարձել է ավելի ագրեսիվ և սպառազինության այս տենչը երբեք չի նվազել»,- հայտարարեց Գ.Իսագուլյանը:
Թե որոնք են եղել հայկական կողմից զիջումները՝ Գ.Իսգուլյանը պարզաբանեց. «Մենք ունենք 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշում, երբ ԽՍՀ Գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը՝ ԼՂ-ն Հայաստանին միավորելու որոշում կայացրեց: Մի մոռացեք, որ 1990թ. մայիսի 20-ին ՀՀ ԳԽ պատգամավորներ ընտրվեցին ԼՂԻՄ-ի տարածքի 11 պատգամավոր: Ըստ էության, Խորհրդային Միության գոյության պայմաններում ԼՂ-ի տարածքում ձևավորվեցին ընտրատեղամասեր և այնտեղից պատգամավորներ ընտրվեցին Հայաստանի ԳԽ-ում», նկատեց նա: Ապա նա նշեց, թե 1995թ. խորհրդրանական ընտրություններում այս հարցը նորից արծարծվեց և որոշում կայացրեց, որ եթե ԼՂՀ տարածքում չձևավորենք ընտրատեղամասեր և այնտեղից պատգամավորներ չընտրվեն ՀՀ խորհրդարան, իսկ դա մեծ զիջում էր, Ադրբեջանը սրանով իր դիրքորոշումն ավելի կմեղմացնի և հարցը լուծում կստանա. «Մինչև 1998թ. սա ևս դրական արդյունքի չբերեց, ընդհակառակը՝ Ադրբեջանն ամեն անգամ ավելի կոշտացնում էր իր դիրքորոշումը և 1997թ. ծնվեց «Պատերազմ, թե խաղաղություն» հայտնի տեսությունը: Դրանից հետո՝ 1998թ. հայտնի իշխանափոխությունից հետո նորից Հայաստանը երկրորդ անգամ գնաց զիջման: Այս անգամ զիջումը կայանում էր նրանում, որ Ադրբեջանի վախը չեզոքացնելու համար որոշեցին, որ բանակցությունների ֆորմատում ԼՂ-ն կարող է չմասնակցել և Հայաստանի կներկացանի թե՛ Հայաստանը, թե՛ ԼՂՀ-ն: Նորից կար մտայնություն, որ Հայաստանի կողմից այս զիջումը կբերի նրան, որ Ադրբեջանը ավելի կոնստրուկտիվ դիրքերից հանդես կգա: Ինչպես տեսնում եք՝ դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց, այսինքն՝ Ադրբեջանի դիրքորոշումը չմեղմացավ, ընդհակառակը՝ ավելի ագրեսիվ դարձավ և, ըստ էության, Ադրբեջանը միջազգային հանրությանը սկսեց Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որպես կոնֆլիկտի կողմ՝ արդեն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ մոռանալով, որ կար հակամարտության հիմնական կողմը՝ դա ԼՂՀ-ն է», հայտարարեց Ս.Սարգսյանի ներկայացուցիչը:
Գ.Իսագուլյանը կարծում է, որ այսօր էլ մտայնություն կա, թե եթե ՀՀ-ն գնա որոշակի տարածքային զիջումների, ապա դրանից հետո Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը. «Եթե հիշում եք, մինչև 1998 թվականը կար տեսակետ, որ եթե ՀՀ-ն գնա երկու շրջանների զիջման, հետո եթե հիշում եք, այդ երկու շրջանների թիվը, ճիշտ է բանավոր խոսակցություններում, բայց հասավ՝ հինգի, հիմա արդեն խոսվում է յոթ շրջանների մասին: Փառք Աստծո, որ որևէ փաստաթղթում ֆիքսված չեն և չեմ էլ կարծում, որ երբևէ կֆիքսվեն, որովեհետև ցանկացած նման կարգի զիջումը կբերեր Ադրբեջանի ավելի ագրեսիվ դիրքորոշման»:
Այնուհետև Գ.Իսագուլյանը ամփոփելով ասելիքը՝ ամրագրեց. «Նախ պետք է որոշվի ԼՂՀ կարգավիճակը: Կարգավիճակից հետո նոր կարելի է խոսել մնացած խնդիրների մասին: Սա է այսօր ՀՀ դիրքորոշումը և եթե Ադրբեջանը նպատակ ունի բանակցությունները ձգձգելով ավելի կոշտ դիրքերից հանդես գալով՝ Հայաստանին ստիպել, որ Հայաստանը գնա արդեն ստրատեգիական խնդիրների առումով զիջումների՝ ապա կարծում եմ Ադրբեջանի ջանքերը իզուր են և Հայաստանը այն զիջումները, որ կարող էր անել մինչև այսօր՝ արել է, հասել ենք մի սահմանի, որից հետո մենք ուղղակի հարցականի տակ կդնենք ԼՂՀ գոյությունը»:









































