«2005 թվականին մենք դիմել ենք ՀՀ կառավարությանը օգոստոսի 26-ը որպես հայ քաղբանտարկյալի օր ճանաչելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Հանուն հայրենիքի» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Ներսիսյանը՝ հավելելով, որ կառավարությունը պահանջը չի մերժել սակայն չի էլ ընդունել: Ն.Ներսիսյանը լավատես չէ պահանջի ընդունման հարցում։ Անդրադառնալով քաղբանտարկյալների պատմությանը` 1960-ական թվականի քաղբանտարկյալ Սուրեն Մելիքյանը նշեց, որ իրենց պայքարը մի քանի թիրախ ուներ՝ Արցախի և Նախիջևանի միացումը Սովետական Հայաստանին և բռնազավթած Արևմտյան Հայաստանի անկախացումը:
«Մենք պայքարում էինք մեր հայրենիքի անկախացման համար, այդ վեհ գաղափարի համար պատրաստ էինք մեռնել, բայց այսօր քաղբանտարկյալը անտեսված է նույն երկրի կառավարության կողմից»,- ընդգծում է Ս.Մելիքյանը:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչով են տարբերվում համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները 1960-ական թվականների քաղբանտարկյալներից, պատասխանեց, որ այսօր նրանք ազգային ազատագրական պայքար չեն մղում, նրանք գիտեն, որ չեն գնդակահարվելու իրենց գաղափարների համար:










































