Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, ճանաչվել են 2013-ի ամենաշռայլ մեկենասներ: Ցուկերբերգը Սիլիկոնե հովտի ոչ առևտրային կազմակերպությանը նվիրաբերել է ավելի քան 970 մլն դոլար արժեքով Facebook-ի 18 մլն բաժնետոմս: Այս մասին հայտնում է Chronicle of Philanthropy պարբերականը: Ցուկերբերգի նվիրատվությունը խոշորագույնն էր անցած տարում և երիտասարդ զույգին դարձրել է ամսագրի ամենամյա վարկանիշի առաջատարներ: Նշենք, որ պարբերականը հրապարակում է 50 ամենաշռայլ ամերիկացիների անունները:
Մեկենասների կողմից նվիրաբերված ընդհանուր գումարը կազմել է 7.7 մլրդ դոլար, իսկ հայտարարված նվիրատվությունները հասել են 2.9 մլրդ դոլարի:
Ինչպես նշում են վարկանիշը կազմողները, ոչ պակաս կարևոր փաստ է դարձել նվիրատվությունների ծավալը ողջ մեկենասների կողմից: Դրանց ընդհանուր ծավալը 2013-ին 4 տոկոսով գերազանցել է 2012-ի համանման ցուցանիշը: Վարկանիշը կազմողներն ընդգծում են, որ նման միտումը վկայում է նաև տնտեսության առողջացման մասին:
Պարբերականի տվյալներով՝ վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է հանգուցյալ միլիարդատեր և թերթաքարային գազի արդյունահանման ոլորտի առաջամարտիկ Ջորջ Միտչելը, երրորդը՝ Nike-ի տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Նայթը և նրա կինը՝ Պենելոպեն:









































