Սարերի հետևում չէ ամենահեղինակավոր՝ «Օսկար» կինոմրցանակի մրցանակաբաշխության արարողությունը, որի կազմակերպիչներին մեղադրել են դերասաններին ճնշելու համար: Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան շատ շուտով՝ հունվարի 22-ին, իսկ առայժմ GoldDerby պորտալը հրապարակել է ապագա հաղթողների վերաբերյալ հայտնի կինոքննադատների ավանդական կանխատեսումը:
Կինոփորձագետների կարծիքով՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու ամենամեծ շանսն ունեն «Աստղը ծնվեց», «Ռոմա», «Կանաչ գիրք» ֆիլմերը: Նրանց հաղթանակի հնարավորությունը պորտալի կողմից գնահատվում է 7:1-ի հարաբերությամբ: Հնարավոր մրցակիցների մեջ կարող են հայտնվել նաև «Ֆավորիտը», «Սև հովազը» ֆիլմերը:

Բրեդլի Կուպերը, Ալֆոնսո Կուարոնը և Սպայկ Լին ամենամեծ շանսն ունեն հաղթելու «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ամենայն հավանականությամբ կմրցակցեն Գլեն Քլոուզը («Կինը»), Լեդի Գագան («Աստղը ծնվեց») և Օլիվիա Քոլմանը («Ֆավորիտը»): «Լավագույն դերասան» դառնալու բոլոր շանսերն ունեն Ռամի Մալեքը, Բրեդլի Կուպերը և Քրիստիան Բեյլը:
Հավելենք, որ «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը կկայանա 2019թ. փետրվարի 24-ին:










































