Հայաստանի տարածքում այլ պետությունների զինվորականների տեղակայման բացառման մասին դեռեւս վերջնական համաձայնություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Այսպես է նա մեկնաբանել նախօրեին Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում վերջինս անդրադառնալով ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներին, ասել էր, որ Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։
Նա հերքեց լուրերն առ այն, որ խոսքը Հայաստանին դեմ նոր արգելք դնելու մասին է: «Ո՞վ, ու՞մ, ի՞նչ կարող է արգելել, հայ-ռուսական հարաբերություններում խոսքը գնում է երկու սուվերեն, համահավասար պետությունների մասին»,- ասաց նա:







































