«Թեև շատերը իշխանությունների քայլն անսպասելի համարեցին, բայց այն տրամաբանական էր՝ ելնելով հանգամանքից, որ իրականում այդ դիմադրությունը՝ ընդդիմության կողմից իրականացվող լայնածավալ ճնշումը, հասել էր մի շատ լուրջ կետի, և իշխանությունները չէին կարող անտեսել այդ հանգամանքը և չէին կարող նույն կերպ շարունակել իրենց քաղաքականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
Ըստ նրա՝ հասկանալի է, որ Յանուկովիչը հույս ունի, որ բանակցությունների միջոցով որոշակիորեն կկարողանա չեզոքացնել ընդդիմության գործոնը, որոշակիորեն թուլացնել ճնշումը, ինչու չէ, նաև կփորձի պառակտում մտցնել ընդդիմադիր դաշտում իր գործողությունների արդյունքում: «Սկզբում ընդդիմությունը ձգտում էր միայն Յանուկովիչին ստիպել ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ հիմա ձգտում են փոխել իշխանությունը, որպեսզի նոր իշխանությունները դա անեն: Բայց երբ «Բերկուտը» գիշերը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, դա ավելի շատ մարդ բերեց փողոց, Յանուկովիչի լեգիտմիության դեֆիցիտն ավելի խորացավ: Սկզբում հիմնականում փողոց էին դուրս եկել անկուսակցականները, բայց ժամանակի հետ կուսակցությունները եկան և նրանց հետ կոմպրոմիսի եկան»: Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը այս կամ այն ձևաչափով իրականացավ. «Իրականում կա համաժողովդական ընդվզում, բայց այն ունի տարբեր սեկտորներ իսկ այդ սեկտորների նպատակները որոշակիորեն տարբերվում են»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը, կարծիք հայտնեց, որ Ուկրաինան նոր իշխանությունների պատրաստ չէ. «Մայդանն այնպիսի բան է, որ փոշեկուլի պես իր մոտ է հավաքում իրարամերժ ուժեր. հենց դրա շնորհիվ է հնարավոր ստեղծել ամբողջ խայտաբղետ ընդվզող քաղաքացիների ամբոխը: Մենք, սակայն, գիտենք, որ քաղաքականության մեջ հրաշքներ քիչ են լինում, տանուլ տալ՝ նշանակում է երկիրը գցել քաղաքական ուժերի պայքարի մեջ, որոնք հետո կուղղորդվեն այն ուժերի կողմից, որոնք Ուկրաինայի վրա ուրիշ հաշվարկներ ունեն, և չեմ ասի, թե ժողովրդի շահերից կլինի»:
Նա ավելացրեց, որ նախարարությունների գրավումը խոսում է այն մասին, որ փորձեր են արվում այնպիսի դասական գործոնների, որոնք կոչվում են ոչ թե հեղափոխություն, այլ ուղղակիորեն իշխանության գրավում:
Լուսանկարը՝ Photolure-ի









































