Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստվում են ստեղծել արտախորհրդարանական ուժերի դաշինք, որը լինելու է ընդդիմություն, կրկնելով տարածվող այն «թեզը», թե խորհրդարանում ընդդիմություն չկա: Հայաստանում ըստ էության սկսվել է նոր քաղաքական համակարգի ձևավորման դեմ հին համակարգի տոտալ գրոհ, որին ներգրավվում են ոչ միայն այդ համակարգի, այսպես ասած, անմիջականորեն մերժված սեգմենտները, որ մերժվել են ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին, թավշյա հեղափոխության արդյունքում, այլ նաև սեգմենտներ, որոնք, այսպես ասած, գտնվում էին «գզրոցներում» և դրանք ժամանակ առ ժամանակ դուրս էին բերվում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Հիմա դարձյալ եկել է գզրոցներից դուրս գալու ժամանակը և ակնառու է, որ սկսվում է հասարակական-քաղաքական դաշտը, այսպես ասած, հնություններով լցնելու գործընթաց, այլ կերպ ասած՝ Նոր Հայաստանը «հին քաղաքական իրերի» շուկա դարձնելու գործընթաց:
Թերևս դժվար չէ գուշակել, թե ովքեր են «ներդրում» կամ «խաղադրույք» կատարում այդ գործընթացի վրա, թե ո՞ւմ է պետք Հայաստանի քաղաքական դաշտի արդիականացման, քաղաքական համակարգի առողջացման հեռանկարը խցանել այդ դաշտ դուրս բերվող հին ուժերի առատությամբ, փորձելով քանակով գերակշռել որակի վրա: Իհարկե, չափազանցություն կլինի խոսել արդեն իսկ առկա որակապես նոր քաղաքական համակարգի, դաշտի մասին, սակայն մյուս կողմից կասկածից վեր է, որ առաջին ընտրական պրոցեսի արդյունքում ձևավորվող թեկուզ ակնհայտ անցումային խնդիրներ հետապնդող նոր քաղաքական ստատուս-քվոն այդ նոր որակի, նոր չափանիշների հնարավորություն է, քաղաքական կյանքն ու համակարգը առողջացնելու հնարավորություն: Այդ պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե ինչ նպատակ կարող է հետապնդել դեռևս նույնիսկ նախկին համակարգում իրենց ամբողջապես սպառած գզրոցային ուժերի «ներբեռնումը»: Դա իսկապես մարտահրավեր է հասարակությանը, հանրային, քաղաքական այն շրջանակներին, որոնք իրապես շահագրգռված են նոր քաղաքական որակներով, նոր քաղաքական համակարգի, բովանդակային, որակապես այլ քաղաքական իրականության սկզբնավորման, արմատավորման, բյուրեղացման ու զարգացման հեռանկարով՝ անկախ գաղափարական և հայեցակարգային տարբերություններից: Այդ իմաստով թերևս ակնառու է, որ առանձին գործունեության և քայլերից բացի, որ պետք է տրամաբանորեն կատարի այդ ուժերից յուրաքանչյուրը, կա, թերևս, միասնական որոշակի պլատֆորմի ձևավորման անհրաժեշտություն որակի հանդեպ հնոտիքի քանակական առավելության փորձերին ավելի արդյունավետ հակազդելու համար:
Հստակ է, որ ինչքան էլ ցանկալի՝ սա կեսկատակ, այդուհանդերձ հնարավոր չէ և ճիշտ էլ չէ որևէ անձի կամ ուժի արգելել զբաղվել քաղաքականությամբ՝ անկախ այդ զբաղմունքի որակից և մոտիվացիաներից: Եվ վերջապես, որակն էլ իսկապես հարաբերական իրողություն է: Սակայն մյուս կողմից անկասկած է, որ նոր իրականությամբ շահագրգռված ուժերը պետք է փորձեն ձևավորել նոր միջավայրեր ու ընդլայնել դրանք, և այստեղ յուրաքանչյուրի անհատական քայլը, անշուշտ, բավարար չի լինելու ցանկալի արդյունքի հասնելու համար՝ թե՛ տարածական ծավալի, թե՛ դինամիկայի առումով: Ըստ այդմ, այստեղ նրանք բոլորն ունեն մտածելու, խորհելու և մեխանիզմներ մշակելու առիթ: Իսկ ժամանակ կարծես թե չունեն, կամ ունեն շատ քիչ:








































