Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ավարտվեց, և այն աչքի ընկավ ոչ թե քաղաքական քննարկումներով, այլ հիմնականում երկու ուժերի միջև սուր բանավեճով, ինչն առավել ցայտուն դարձավ հանրային հեռուստաընկերության բանավեճի ժամանակ։
Թե ինչ պատկեր կունենա ապագա խորհրդարանը՝ առայժմ դժվար է ասել։ Այս ընտրությունները թերևս յուրահատուկ էին նրանով, որ բացի իշխող ուժից՝ որևէ մեկը չէր պայքարում իշխանության գալու համար, պայքարը գնում էր ընդդիմադիր տեղը զբաղեցնելու, խորհրդարանում ներկայացվածություն ունենալու համար։ Մի փոքր դժվար է պատկերացնել, որ բացարձակ մեծամասնություն ստացած ուժը կարող է որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու ցանկություն ունենալ, փորձագետները նաև քիչ հավանական են համարում, որ խորհրդարանում հետընտրական միավորում կամ դաշինք կկազմեն ընդդիմադիր ուժերը։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, թե ընդդիմադիր ուժերը միավորվեն ընտրություններից հետո: «Արդեն մոտավորապես պարզ է, թե ովքեր են անցնելու խորհրդարան, ընդդիմադիրներից՝ երկու կամ երեք ուժ, բայց նրանք էլ չեմ կարծում, թե միավորվեն։ Իսկ ընդդիմադիրներից խորհրդարան անցնող երեք ուժերն էլ տարբեր նպատակներ ունեն, տարբեր տեսլական։ Հնարավոր է՝ ինչ-որ հարցերի շուրջ համագործակցեն ինչպես իրար, այնպես էլ իշխանությունների հետ, բայց որևէ միավորումը քիչ հավանական եմ համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արմեն Բադալյանի կարծիքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ մեր հասարակության մոտ 20 տոկոսն ուներ արևմտամետ ուղղվածություն, այս ընտրություններին և հատկապես հեղափոխությունից հետո այդ տոկոսը բարձրացել է, սակայն նման օրակարգ ունեցող ուժերը չկարողացան քարոզարշավը տանել այդ ուղղությամբ: «Նրանք ամբողջությամբ չկարողացան ընտրազանգվածին իրենց կողմը քաշել, մի ուժն ուներ հստակ գաղափարախոսություն, բայց չուներ կադրեր, մյուս ուժն էլ ուներ լավ կադրեր, բայց այդ գաղափարախոսությունը հստակ առաջ չտարավ։ Ինչ վերաբերում է նրանց միավորմանը, ապա եթե նման ցանկություն լիներ, կմիավորվեին ընտրություններից առաջ, և դեռ հայտնի չէ՝ արդյոք երկուսն էլ խորհրդարանում ներկայացվածություն կունենա՞ն»,- եզրափակեց նա։
Կան տեսակետներ, թե քաղաքական ուժերից շատերը մեղմ քարոզարշավ են իրականացրել, որպեսզի հետընտրական փուլում իշխանությունների հետ կոալիցիա կազմեն։ Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով, մինչդեռ, քարոզարշավը մեղմ էր, որովհետև այդ ուժերը հասկանում էին՝ իշխանությանը թիրախավորելու դեպքում կնվազեցնեն իրենց վարկանիշը։ Նրա կարծիքով՝ ո՛չ իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը հետընտրական փուլում միավորում կամ դաշինք չի կազմի: «Ամեն ինչ իհարկե վերջնարդյուքնում կախված է ստացած տոկոսներից»,- ընդգծեց նա։
Ըստ Բաղդասարյանի՝ որքան էլ իշխող ուժն ունենա բացարձակ մեծամասնություն՝ ըստ հարցումների, չի գրանցի այն արդյունքը, որ եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։









































